«Եթե վերադարձել եմ քաղաքականություն, ապա ենթադրելի է, որ կմասնակցեմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին»,- այս մասին այսօր «Sputnik Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

«Եթե վերադարձել եմ քաղաքականություն, ապա, բնականաբար, կարելի է ենթադրել, որ մասնակցելու եմ այդ ընտրություններին: Երևի վաղ է խոսել ձևաչափի մասին, դեռ բավական ժամանակ կա,  դինամիկ փոփոխվում է իրավիճակը և փոփոխվելու է: Ցանկանում եմ հիմա ազատ թողնել հնարավոր ձևաչափերի հարցը, չեմ կարծում, որ հիմա ճիշտ է ձևաչափերի մասին խոսել, հիմա ճիշտ է կազմակերպչական քայլերով ձևավորել այն միավորը, որով դու ներկայացել ես քաղաքական դաշտում, այն թիրախները, որոնց վրա ուղղված է լինելու քո գործունեությունը և այն ապագա ընտրողների զանգվածը, որոնց մասին դու մտածում ես, որ կարող են լինել քո հենարանն ապագայում:

Այս պահին սրանք են հիմնական խնդիրները կոնկրետ ինձ ու այն թիմի համար, որը ձևավորվում է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին, թե դիտարկո՞ւմ է հնարավորությունը, որ քաղաքական ուժերը կբևեռացվեն իր շուրջ, և, օրինակ, ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն կաջակցեն իրեն իր քաղաքական պայքարում, Ռոբերտ Քոչարյանն ասաց.

«Դիտարկում եմ, որ կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը և ակնկալում եմ, որ այդպես է լինելու։ Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների դիրքորոշմանը, ապա հարցրե՛ք այդ կուսակցություններին: Վիճակն այնպիսի դինամիկ փոփոխություններ է ունենալու, որ ամեն ինչ հնարավոր է, բայց կրկնում եմ՝ իրենց տեղը ես չեմ կարող նման բան ասել»:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ առաջին հերթն հույսը դնում է իր վրա և իր շուրջը համախմբվող ուժերի, զանգվածի, քաղաքացիների վրա. «Եվ ինչքան այդ ուժը հզոր լինի, ավելի հնարավոր է լինելու դաշինքներ կազմել կամ տեղից շարժել այն գործընթացները, որոնց մասին խոսում ենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել