Թուրքական ազգային արժույթը կրկին սկսեց արժեզրկվել, այժմ մեկ դոլարը գնվում է 6.40 լիրայով: Կարծես թե Թուրքիան չկարողացավ իր օգտին աշխատող ժամանակն օգտագործել իր ազգային արժույթի փրկման համար: Օգոստոսի կեսերին Քաթարը հայտարարեց, որ Թուրքիայի տնտեսություն է ներարկում 15 մլրդ դոլար, որից հետո թուրքական լիրան սկսեց բարելավել դիրքերը և մեկ դոլարի դիմաց 6 լիրա փոխարժեքով կայուն վարք էր դրսևորում մոտ երկու շաբաթ: Սակայն այս անգամ ԱՄՆ-ի, այսպես ասած՝ նոր սղմվող օղակը նորից ազդեց ֆինանսական շուկայի վրա: Սիրիայի տարածքում PYD-ի և YPG-ի վերահսկողության տակ գտնվող թուրք-սիրիական հատվածում օդային պաշտպանության և ռադիոտեղորոշիչների ԱՄՆ-ի կողմից տեղակայման մասին տեղեկատվության հոսքը կտրուկ ազդեցություն ունեցավ Թուրքիայի ֆինանսական շուկայի վրա, և առավոտվանից արդեն սկսվեց լիրայի արժեզկումը: Չնայած այն բանին, որ Թուրքիան փորձում է իր հանրությանը ներկայանալ որպես կայուն երկիր, որտեղ մինչև անգամ ՌԴ-ի և Ուկրաինայի նման հակամարտող երկրների հոգևոր առաջնորդները փորձելու են Ստամբուլում ընդհանուր եզրեր գտնել համերաշխության համար, միևնույն է, թուրք հասարակությունն արդեն զգայուն է դարձել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցում: Ամեն մի շարժ, որը կատարում է ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ, իսկույն իր արձագանքն է գտնում ֆինանսական շուկայում թե՛ դրական, և թե՛ բացասական առումով: Ես չէի սխալվում, որ կարծիք հայտնեցի, թե ԱՄՆ-ն շուտով կօգտագործի քրդական գործոնը՝ որպես «ծանր հրետանի» Թուրքիայի տնտեսությանը հարվածելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել