Armtimes.com-ը գրում է.

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է 190 հոգանոց ցուցակով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՔՊ-ի վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը:

«Նախընտրական ցուցակները մի առանձնահատկություն ունեն, որ վերջնական ձեւավորվում են ԿԸՀ ներկայացնելուց 5 րոպե առաջ: Շատ թեկնածուներ որոշում են դուրս գալ եւ այլ խնդիրներ են առաջ գալիս»,- ասաց Լենա Նազարյանը:

Նազարյանի խոսքով՝ ցուցակի գերակշռող մասը լինելու են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներ եւ համակիրներ: «Ցուցակում լինելու են ՔՊ-ին տարիներ առաջ անդամակցած եւ նոր անդամակցած կուսակիցները: Լինելու են նաեւ հասարակական գործիչներ, փորձագետներ, ինչպես նաեւ հեղափոխությանը մասնակցած ակտիվիստներ»:

ՀԺ-ին տեղեկություններ էին հասել, որ ՔՊ-ն ՀԱԿ-ի եւ Առաքելություն կուսակցությունների հետ հնարավոր է դաշինքի ձեւաչափով մասնակցի ընտրություններին: Լենա Նազարյանը նշեց, որ ՀԱԿ-ի հետ դաշինք չի լինելու:

«Հնարավոր է, որ ՀԱԿ-ի համակիրներից անձիք լինեն ցուցակում: Առաքելություն կուսակցությունից նույնպես կլինեն ներկայացուցիչներ»:

«Հայկական ժամանակ»-ի հետ մասնավոր զրույցներից մեկում ՔՊ-ի ներկայացուցիչներից մեկը փոխանցել էր, որ, եթե ՔՊ-ն Երեւանի ավագանիում մեծամասնություն կազմի, ապա առաջին փոխքաղաքապետ է նշանակվելու Տրդատ Սարգսյանը: Նա եւս ՔՊ-ական է: Լենա Նազարյանն այս տեղեկությունների վերաբերյալ նշեց, որ փոխքաղաքապետերին նշանակում է քաղաքապետը՝ իր ցանկությամբ:

Տրդատ Սարգսյանը ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեց, որ լինելու է ավագանու ցուցակում, իսկ փոխքաղաքապետ նշանակվելու վերաբերյալ ասաց, որ նման որոշում չկա: Դրանք միայն խոսակցությունների մակարդակ ունեն: Նա մասնագիտությամբ արեւելագետ է: Տրդատ Սարգսյանը նախկինում համատիրության կառավարիչ է աշխատել:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փոխանցել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է, ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա Հարությունյանի խոսքով՝ քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին եւ կավարտվի սեպտեմբերի 21-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել