Analitik.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի վերջին այցելեց երեք անդրկովկասյան երկրներ՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Փորձենք հասկանալ, թե Մերկելի այցն ինչ տվեց  մեզ և մեր հարևան երկրներին: Այսպես՝

Օգոստոսի 23-ին Ա. Մերկելը ժամանեց Վրաստան: Հյուրին դիմավորեցին Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին և Գերմանիայում Վրաստանի դեսպան Էլգուջա Խոկրիշվիլին:

Գերմանիայի կանցլերը հանդիպեց Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ, որից հետո կայացավ համատեղ մամուլի ասուլիս: Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ 2008 թ.-ին Օգոստոսյան պատերազմից 10 տարի անց Գերմանիան շարունակում է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը:

Նա նաև ավելացրել է, որ Գերմանիան կնպաստի գոյություն ունեցող հակամարտության լուծմանը՝ նշելով, որ օգոստոսի 18-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ արձանագրել է  Ուկրաինայի հետ կապված իր դիրքորոշումը: Ըստ Մերկելի, այս ամենը պետք է դիտարկել «մեկ համատեքստում»:

Մամուլի ասուլիսից հետո Անգելա Մերկելը հայտարարեց, որ Գերմանիան Վրաստանին 150 մլն եվրոյի չափով  վարկ կտրամադրի առաջին ստորգետնյա գազապահեստարանը կառուցելու համար: Վարկը կձևակերպեն գերմանական KFW բանկն ու Վրաստանի  նավթագազային կորպորացիան: Գերմանիայի և Վրաստանի միջև ստորագրվելու են նաև ավելի քան 190 մլն եվրո արժողությամբ ներդրումային համաձայնագրեր՝  ուղղված գազապահեստարանի, ինչպես նաև ջրամատակարարման ու կոյուղատար համակարգերի կառուցմանն ու վերազինմանը:

Պաշտոնական այցի ծրագրի շրջանակներում Գերմանիայի կանցլերն այցելել է նաև Հարավային Օսիայի սահմանի Դուշեթի շրջանի Օձիսի գյուղ:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև Վրաստանի եվրոպական ինտեգրման և Եվրամիության հետ տնտեսական համագործակցության հարցերը: Ընդգծվել է այն, որ Վրաստանը բացարձակապես բաց է Եվրոպայի նկատմամբ և արդեն կնքված են Ասոցացման և Ազատ առևտրի պայմանագրերը։

Պաշտոնական հանդիպումներից զատ Արգելա Մերկելն այցելել է  Ցխինվալի շրջան և Թբիլիսիում ծաղկեպսակ խոնարհել Վրաստանի տարածքային ամբողջականության համար մարտերում զոհված զինվորների հուշարձանին։

Օգոստոսի 24-ին Անգելա Մերկելը ժամանեց Հայաստանի Հանրապետություն, որտեղ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Համատեղ ասուլիսի ժամանակ Գերմանիայի կանցլերը հայտարարեց, որ Հայաստանը կարող է լինել օրինակն այն բանի, թե ինչպես կարելի է լավ համագործակցություն իրականացնել Ռուսաստանի հետ և միաժամանակ լավ համագործակցություն ունենալ Եվրամիության հետ։ Համատեղ ասուլիսի ընթացքում կանցլերը հայտարարեց, որ Գերմանիան Մինսկի խմբի անդամ է, և կարևոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը լավ մթնոլորտում և այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին:

Մերկելը հանդիպեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, հայտարարեց, որ հայ-գերմանական հարաբերությունները դրական են, սակայն ունեն չիրացված ներուժ, որը պետք է օգտագործել ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ գիտահետազոտական և տեխնոլոգիաների ոլորտներում:

Գերմանիայի կանցլերն այցելեց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ  խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, այնուհետև խորհրդանշական եղևնի  տնկեց։

Անգելա Մերկելն այցելեց  նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Այցի ընթացքում Մերկելը հանդիպեց նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և իր ուրախությունն արտահայտեց հայ ժողովրդի հոգևոր կենտրոն այցի հնարավորության համար` լինելով Սուրբ Էջմիածին և Հայաստան այցելող Գերմանիայի առաջին կանցլերը։

Այցի վերջում Անգելա Մերկելը, Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զբոսնեցին Երևանում և փոխանակվելով ողջյուններով լուսանկարվեցին մի շարք քաղաքացիների հետ։

Օգոստոսի 25-ին Անգելա Մերկելը ժամանեց Ադրբեջան։ Բաքվի օդանավակայանում գերմանական կառավարության ղեկավարին դիմավորեցին  երկրի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, ԱԳ նախարարի տեղակալ Հալաֆ Հալաֆովը և այլ պաշտոնյաներ։

Անգելա Մերկելի և  Իլհամ Ալիևի միջև կայացած բանակցությունների հիմնական օրակարգային թեմաներից մեկը ԼՂ հակամարտության կարգավորումն էր: Մերկել-Ալիև դեմ առ դեմ բանակցություններին հաջորդեցին  ընդլայնված կազմով քննարկումներ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլերն անդրադարձավ մարդու իրավունքների հետ կապված մի շարք հարցերին՝ նշելով, որ  խախտումներն Ադրբեջանում այնքան լուրջ են, որ ըստ գերմանացի իրավապաշտպանների,Մերկելը չպետք է Բաքու գնար ընդհանրապես և Ալիևի ձեռքը սեղմեր լուսանկարիչներին և տեսախցիկների առջև:

Սակայն, հետո Մերկելը և Ալիևը քննարկեցին Եվրամիության սպառողների գազի մատակարարման ոլորտում  ադրբեջանական կողմի դերակատարություն ունենալու հարցը:

«Այս առումով Հարավային (գազային) միջանցքի (SGC) բացումը լավ լուր է ԵՄ էներգետիկ մատակարարման համար», – ասաց Մերկելը՝ ավելացնելով, որ Բեռլինը կկարողանա ամրապնդել համագործակցությունը Բաքվի հետ էներգակիրների ոլորտում: Ակնկալվում է, որ մինչև տարեվերջ 10 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա կմեկնարկի 2020 թվականին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում այցելեց նաև Արցախյան պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցիների հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելով  «Հավերժական կրակ» հուշարձանին։

Ամփոփելով Մերկելի՝ երեք երկրներ կատարած այցերն այն տեսանկյունից, թե գործնականում ի՞նչ տվեց այդ երկրներին Գերմանիայի կանցլերի այցը, կարելի է անել հետևյալ եզրահանգումները.

Վրաստանը ստացավ 150 մլն եվրոյի չափով  վարկ և մոտ 190 մլն եվրոյի չափով ներդրումներ:

Բաքուն  հստակ պայմանավորվածություններ ձեռք բերեց Բեռլինի հետ՝  էներգակիրների ոլորտում համագործակցության ամրապնդման շուրջ:

Հայաստանի դեպքում  տպավորություն է, որ Մերկելը երկու գործնական այցերի միջև մեկ օր արձակուրդային այցով ժամանել էր Երևան՝ սելֆիներ, դրական էմոցիաներ, զբոսանք և ուղղակի լավ տրամադրություն,  որից հետո կարելի էր մեկնել հաջորդ գործնական այցին:

Նշենք, որ Analitik.am-ը հարցում է արել ՀՀ կառավարություն՝ պարզելու համար, թե Մերկելի հետ բանակցություններն ինչ տնտեսական բաղադրիչներ են պարունակել: Կառավարության կողմից պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել