Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետևում և իր ուշադրության կենտրոնում է պահում տեղի ունեցող գործընթացները: Այս մասին ասված է ՀՀ նախագահ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության անդրադարձի մեջ՝ ի պատասխան հարցադրումներին, որոնք վերաբերում են Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի մասին հանրապետության նախագահի գնահատականին.

«Նախագահ Արմեն Սարգսյանը մշտապես հետևում և իր ուշադրության կենտրոնում է պահում տեղի ունեցող գործընթացները: Պետության համար կենսական համարելով իշխանության բոլոր ճյուղերի՝ Սահմանադրության և դրանում ամրագրված նրանց լիազորությունների սահմաններում գործելու, միմյանց նկատմամբ հարգանք դրսեւորելու անհրաժեշտությունը, Հանրապետության նախագահը բոլոր քաղաքական ուժերից ակնկալում է առաջնորդվել մեր երկրի անվտանգության, կայուն ու անցնցում զարգացման առաջնահերթ շահերով:

Պետության շահը, երկրի անվտանգությունն ու անձի և քաղաքացու իրավունքների նկատմամբ հարգանքը գերակա են բոլորիս համար:

Հանրապետության նախագահը ողջունում է վարչապետի և ԱԺ նախագահի  հանդիպումը՝ դրական գնահատելով արդյունքում արձանագրված պայմանավորվածությունները: Նախագահը հույս է հայտնում, որ առաջիկայում կտեսնենք դրական արդյունքներ:

Հանրապետության նախագահը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության և բանակցությունների միջոցով, որոնց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կողմերը հարգում են՝ հետևողականորեն կատարելով այդ պայմանավորվածություններին միտված գործողություններ՝ ընթացքում դասեր քաղելով և արձանագրելով հաջողությունները։ Սա պետք է դարձնել մեր քաղաքական հարաբերությունները բնորոշող գերակա  մշակույթ»,-ասված է պատասխանի մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել