Մարտի 1-ից առաջ ՀՀԿ-ի շենքում բազմաթիվ մարդկանց ներկայությամբ Սերժ Սարգսյանին է ներկայացվել իրեն դավաճանածների և Լևոն Տեր-Պետրոսյանին միացածների ցանկը, որտեղ նկատելով Սասուն Միքայելյանի անունը` Սերժ Սարգսյանը մի կողմ է նետել ցուցակը, բարկացել այն ներկայացնողի վրա և հայտարարել, որ մյուս անգամ չհամարձակվեն իր մարտական ընկերոջը՝ Սասունին դավաճան համարել...

Հետո Սասունն անձամբ է ներկայանում ՀՀԿ, Սերժ Սարգսյանին ասում՝ ինքը ոնց կարող է դավաճանել և գնում դավաճանելու, բայց սա արդեն կարևոր չէ...

Այս պատմության մեջ կարևորն այն է, որ Սերժ Սարգսյանն այնքան է վստահել և հավատացել Սասուն Միքայելյանին, որ երբեք չի մտածել և մինչև վերջին վայրկյանը չի հավատացել, որ Սասունը կարող է իրեն դավաճանել...

Փաստն այն է, որ նույն Սասուն Միքայելյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եղել է իշխանության հենարաններից մեկը, կարելի է ասել՝ իշխանության հենարանը Հրազդանում, և եթե այսօր ՔՊ-ականները փորձում են սևացնել Քոչարյանի իշխանության ժամանակաշրջանը, ապա առաջինը թող իրենց կուսակից ավագ ընկերոջը հարցնեն, թե ինչու է նա 10 տարի սատարել Ռոբերտ Քոչարյանի իշխանությանը և եղել Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ ընկերներից մեկը...

Բոլորս էլ սխալական մահկանացուներ ենք, և մի՛ փորձեք սրբեր կամ հրեշներ կերտել այն մարդկանցից, ովքեր բոլորն էլ իրար շատ նման են, ունեն գրեթե շաղկապված անցյալ և ինչ-որ պահի բոլորն էլ իրենց կյանքն են վտանգել հանուն Հայաստանի, իսկ թե ինչ են արել հետո՝ կդատի պատմությունը և Աստված...

Ի դեպ, երբ խոսում եք ապօրինի հարստանալուց, ապա ինչո՞ւ այդ նույն հարցը չեք ուղղում Սերժի նախկին ընկեր, իսկ հիմա ձեր ընկեր Սասունին, թե ինքը ո՞նց է մինչև 98 թվականը գազի կալոնկա ունեցել, հետո՝ Ծաղկաձորում հանգստյան տուն...

Թե՞ սպասում եք՝ անցումային արդարադատության մարմիններ ստեղծեք, փոխեք օրենքի հետադարձ ուժը, որ հա՛մ Սաշիկին հարցնեք, հա՛մ էլ Սասունին, չնայած ինձ թվում է՝ դուք Սասունին չեք էլ հարցնի, կբավարարվեք միայն Սաշիկով...

Երբ ժողովուրդը հասկանա՝ ով եք դուք իրականում, և ինչպես է ինքը խաբվել, ձեզ ավելի վատ է մերժելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել