Աշոտ Տեր-Մաթևոսյանի ու Սոֆյա Պողոսյանի մասնակցությամբ նոր դետեկտիվ դրաման «Արմենիա TV»-ի եթերում կմեկնարկի սեպտեմբերի 3-ից: «Միլիոնը թակարդում» 25 մասանոց հեռուստանովելը խոստանում է դինամիկ զարգացումներ: Սա պատմություն է, թե ինչպես է երբեմնի հայտնի փաստաբանը տարօրինակ հանգամանքներում հայտնվում մեղադրյալի աթոռին ու ստիպված է դեմ գնալ բոլոր գրված օրենքներին հանուն մեկ չգրված օրենքի` ապրելու իրավունքի: Հեռուստանովելում նկարահանվում են նաև Հայկ Սարգսյանը, Նաիրա Մովսիսյանը, Եվա Զոհրաբյանը և այլք։ BlogNews.am-ը ներկայացնում է սյուժետային մանրամասներ ու լուսանկարներ նկարահանման հրապարակից:

Տարօրինակ կտակ ու առեղծվածային սպանություն, որոնք միանգամից 180 աստիճանով փոխում են բոլոր հերոսների կյանքը, սերը վերածվում է ատելության, երբեմնի հարազատները դառնում են թշնամիներ, մեղադրողը դառնում է հանցագործ, իսկ իրական հանցագործները ազատության մեջ վայելում են կյանքը: 

Հեռուստանովելը կեղծ ու շինծու իրականության մասին է, որտեղ մարդիկ տուրք են տալիս կեղծ բարքերին, որտեղ մարդուն բնորոշում են ոչ թե խելքն ու բարությունը, այլ դիրքն ու կարողությունը, որտեղ հանուն փողի պատրաստ են իրար կոկորդ կրծել, իսկ արդարության համար պայքարողների թիվը նվազում է: Նրանք աստվածացնում են փողը, բայց, միևնույն է, վերջում խոնարհվում են սիրո առաջ: Ապրել հանուն սիրո ու սիրել կյանքը` հանուն արդարության, ամեն գնով մարդ մնալ․ սա է սերիալի գլխավոր մեսիջը, հանուն արդարության, սիրո ու բարության համար պայքարող հերոսներ: 

IMG_0115IMG_0657«Միլիոնը թակարդում» հեռուստասերիալը մեր օրերի քրոնիկա է։ Ֆիլմի հերոսուհին` 42-ամյա Լուիզան, հաջողակ ու կայացած փաստաբան է, ունի իր փաստաբանական գրասենյակը, լավ ընտանիք, փող: Բայց ամեն ինչ փոխվում է այն պահից, երբ Փարիզից նրանց հյուր է գալիս նրա ամուսնու ընկերը` Ժակը: Վերջիս սիրահարվում է Լուիզային և փոխադարձ սեր չստանալով՝ փորձում է ուժով տիրանալ նրան: Լուիզան ինքնապաշտպանվելիս պատահմամբ սպանում է Ժակին ու ստիպված է թաքնվել օրենքից և կեղծել իր ինքնությունը: Նա ցավով գիտակցում է, որ ոչ մի գրված օրենք չի կարող պաշտպանել ու արդարացնել իրեն, քանի որ բոլոր փաստերն ու ապացույցներն իր դեմ են, և ինքը չի կարող անգամ ամուսնուն ապացուցել, որ նրան չի դավաճանել:

Հուսահատված հերոսուհուն նորից ապրելու հույս է տալիս այն փաստը, երբ նա պատահմամբ պարզում է, որ Ժակի Հայաստան գալն ու իրեն սիրահետելը հենց իր ամուսնու պատվերն է եղել: Վերջինս ցանկացել է պատվազրկել Լուիզային, զրկել նրան մայրական իրավունքներից և տիրանալ նրա հարստությանը, որը Լուիզայի հայրը կտակել էր իրենց աղջկան` Նիկային: Լուիզան որոշում է վերականգնել արդարությունը և պատժել ամուսնուն ու ետ բերել կորցրածը:

09mil01mil

Լուիզայի սյուժետային գծին զուգահեռ՝ սերիալում զարգանում է նաև նրա աղջկա` Նիկայի ու երիտասարդ առաքիչ Էրիկի սիրո պատմությունը: Պատմության ֆակուլտետի ուսանող, կարդացած ու ազնիվ երիտասարդ առաքչին հաջողվում է «դարձի» բերել ինքնահավան հարուստի աղջկան ու ապացուցել նրան, որ արդեն նորաձև չեն այն ժամանակները, երբ մարդու մասին կարծիք են կազմում միայն նրա զբաղեցրած պաշտոնից ու հագուկապից, մարդուն բնորոշում են ոչ միայն դիրքն ու կարողությունը, այլև խելքն ու բարությունը, սերն ու կարեկցանքը:

IMG_6888IMG_7975_1IMG_0120_1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել