ԱՄՆ–ից ուսուցչուհի Քենդիս Մեյսոնին հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ նա Facebook–ի իր էջում ձողի վրա իր պարի տեսանյութն է տեղադրել։ Այս մասին գրում է The Daily Mail–ը։

Լրագրողների հետ զրույցներում Մեյսոնը պատմել է, որ ինքը այրի է և երկու աղջիկների մայր։ Կինը պարում է իր տանը, որպեսզի պահպանի կազմվածքը և ազատվի սթրեսից։ Բացի այդ՝ նա նաև որպես պարի մարզիչ է աշխատում, որպեսզի պահի ընտանիքը և վճարի հիփոթեքը։

BuzzFeeed News պարբերականը հաղորդում է, որ Մեյսոնը Facebook-ի իր փակ էջում է տեղադրել պարի տեսագրությունը՝ ուրիշի անվան տակ, բացի այդ՝ նա իր էջում երբեք չի նշել դպրոցի անվանումը, որտեղ աշխատում է։ Սակայն աշակերտներից մեկը հայտնաբերել է տեսանյութը և ուղարկել դպրոցի ղեկավարությանը։

Մեյսոնի խոսքերով՝ կառավարիչը, տնօրենը և ևս մի կին կշտամբել են նրան վուլգար երգի ընտրության համար։ Նրանք նաև հարցրել են, թե ինչ կմտածեն ծնողներն ու նրանց երեխաները, եթե տեսնեն այդ տեսանյութը, արդյո՞ք իրեն՝ որպես ուսուցչի, կկարողանան նայել։ Դրան ի պատասխան կինն ասել է, որ չի կարող կառավարել ուրիշների մտքերը։ Սակայն դպրոցի ներկայացուցիչները նրան հեռացրել են աշխատանքից։

Պարուհին ասել է, որ չի պատրաստվում թողնել իր կողմնակի եկամտի աղբյուրը, ինչպես նաև պայքարելու է, որպեսզի վերադառնա նույն դպրոցը՝ մանկավարժական աշխատանքի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել