Արդեն տևական ժամանակ համացանցում հանդիպում եմ այսպիսի արտահայտության՝ «Հերիք է կասկած սերմանեք, հերիք է հարցեր տաք, հերիք է փորփրեք։ Ամեն ինչ պարզ է, ժողովուրդը հաղթանակ է տարել մութ ուժերի հանդեպ, և բոլոր հարցերն ավելորդ են։ 

Ուրեմն...

Հիմնարար իրավունքներից ամենակարևորը ոչ միայն խոսքի ազատությունն է, այլ նաև հարցեր հնչեցնելու իրավունքը, ով ուզում է լինի իշխանության գլխին։

Ժամանակին ես նույն գաղափարով առաջնորդվում էի հանրապետականների կառավարության ժամանակ և բնավ չեմ պատրաստվում առանց հասկանալու և ընկալելու, հալած յուղի պես ընդունել այն, ինչ կատարվում է այսօր երկրում։
Ես պետք է հասկանամ, թե ուր ենք գնում և ինչ ենք անում։

Համարեք ինձ ՀՀ ամենաանխելք քաղաքացի, բայց, գրողը տանի, ես ուզում եմ հասկանալ քայլերի տրամաբանությունը։

Ես երբեք չեմ ընդունի «աչքերը փակ» վստահելու գաղափարը իշխանության հանդեպ, որքանով էլ սիրեմ կամ չսիրեմ իրենց։

Սակայն ասածս նա է, որ յուրաքանչյուր պետական հարցի շուրջ լայն քննարկումները հանդիսանում են որպես այդ հարցերի ճիշտ լուծման ճանապարհ։ 

Եվ երբ որոշ «չափազանց ակտիվ քաղաքացիներ» փորձում են լռեցնել հարց տվողներին, ապա հենց իրենք են հակասում բոլոր այն գաղափարներին, որոնց համար երեք ամիս առաջ դուրս էին եկել փողոց։

Ես կտրուկ դեմ եմ «հեղափոխական» կամ «հակահեղափոխական» արտահայտություններին, քանզի դրանք համարում եմ վտանգավոր պիտակավորումների փորձ, որն իր հերթին բերում է հասարակության բևեռացման։
Եվ հիշենք մի բան՝ այն րոպեից, երբ մենք ինչ-ինչ պատճառներով կդադարենք հարցեր տալուց, այդ պահից սկսած մենք նաև կզրկվենք քաղաքացի կոչվելու իրավունքից։

Կդառնանք էլեկտորատ, բնակչություն, ընտրազանգված։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել