168.am-ը գրում է.

Թուրքիան մտադիր է այն արտադրանքի տեղական արտադրություն սկսել, որի ներմուծումը գերազանցում է 30 միլիարդ դոարը: Այդ մասին հայտարարել է երկրի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը:

«Մենք առաջնային արտադրանքի տեղական արտադրություն ծավալելու աշխատանք ենք սկսում, որի ներմուծումը կազմում է առնվազն 30 մլրդ դոլար: Զարգացման գործակալությունները 500 մլն լիրայի (83 մլն դոլար) աջակցություն կցուցաբերեն 1,5 հազար նախագծերի, եւս 100 մլն լիրա (17 մլն դոլար) հատկացվում է տեխնոլոգիաների զարգացման հարթակներին աջակցելու համար»,- նախարարի խոսքը մեջբերել է Anadolu գործակալությունը: Ավելի վաղ Թուրքիայի առեւտրի նախարար Ռուխսար Պեքջանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է այսուհետեւ էլ շարունակել համաչափ պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած գործողության: «Մենք արդեն ԱՄՆ-ին պատասխան ենք տվել Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններով, մտադիր ենք այսուհետեւ էլ համաչափ պատասխաններ տալ»,- ասել է նախարարը:

Պեքջանը նաեւ հայտնել էր, որ Անկարան մտադիր է թուրքական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը բողոքարկել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում: «Թուրքիան ԱՄՆ-ին հրավիրել է Առեւտրի համաշխարհային կազմկերպության արբիտրների հարթակ: Ամերիկյան կողմն արդեն ստացել է հրավերը: Այսպիսով, մեր կողմից դատաքննություն է նախաձեռնվել ԱՀԿ-ի շրջանակներում»,- ասել է Պեքջանը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 10-ին հայտարարել է Թուրքիայի համար պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսերի կրկնակի ավելացման մասին: Նրա խոսքով՝ «Թուրքիայի համար ալյումինի մաքսատուրքերն այժմ կլինեն 20 տոկոս, իսկ պողպատինը՝ 50 տոկոս»: Ի պատասխան Թուրքիայի իշխանություններն ավելացրել են ԱՄՆ-ից ներմուծվող մի շարք ապրանքների մաքսատուրքերի չափը, այդ թվում՝ ավտոմեքենաների, ալկոհոլի եւ ծխախոտի:

Ռուխսար Պեքջանը հայտնել է, որ ԱՄՆ-ի դեմ Թուրքիայի լրացուցիչ մաքսատուրքերի ծավալը գնահատվում է տարեկան ավելի քան 500 մլն դոլար: «Մենք կրկնակի ավելացրել ենք ԱՄՆ-ից ներկրվող 22 ապրանքների մաքսատուրքերը, մաքսատուրքերի լրացուցիչ ծավալը կազմում է 533 մլն դոլար»,- ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել