Tert.am-ը գրում է.

Փակուղում գտնվող բանակցություններից որևէ տեղաշարժ չկա, այո համանախագահների կողմից կան պրպտումներ, ձգտումներ բանակցային գործընթացը վերսկսելու, բայց ակնհայտ է, որ վիճակն անփոփոխ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը` անդրադառնալով հարցին, թե ՀՀ նոր իշխանություններին 100 օրվա ընթացքում հաջողվե՞լ է փակուղում գտնվող բանակցություններում որևէ տեղաշարժ արձանագրել:

«Արդեն իսկ վերջին ամիսներին նկատվող լարվածությունը, կուտակումները առաջնագծում մեզ հուշում են, որ մոտ ժամանակներս բանակցային գործընթացում որևէ գործնական քայլ,  դրական տեղաշարժեր տեղի չեն ունենա»,-շեշտեց նա:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք դիրքորոշման մեղմացո՞ւմ է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին հայտարարել էր, որ Արցախը պիտի լինի բանակցային կողմ, իսկ վերջերս նշել է, որ Արցախը բանակցությունների սեղանին պետք է լինի բանակցային վերջին փուլում, ինչպես նշվում է փաստաթղթերի մեջ, Դավիթ Իշխանյանն ասաց.

«Արցախյան կողմը պաշտոնապես և ոչ պաշտոնապես միշտ էլ բարձրաձայնել է Արցախի լիիրավ մասնակից լինելու հանգամանքը, անհարժեշտությունը:

Առանց Արցախի, Արցախի լիարժեք մասնակցության և մեր կողմի քննարկումների, չենք կարծում, որ բանակցային գործընթացում առաջընթաց տեղի ունենա: Այնուհանդերձ, սեղանին դրված փաստաթղթերն անընդունելի են արցախյան կողմի համար: Տարբեր առիթներով հրապարակավ ներկայացրել ենք, որ Մադրիդյան սկզբունքներով առաջնորդվելու որևէ նախադրյալ և անհրաժեշտություն չունենք: Մադրիդյան սկզբունքները մեզ համար անընդունելի են, չեն կարող ապահովել այն լիրաժեք անվտանգությունը և պայմանները, որ ստեղծել է Արցախի ժողովուրդը՝ 1991 թ. համաժողովրդական հանրաքվեով և անկախության հռչակմամբ իր կամարտահայտությունը ներկայացնելով»:

Դավիթ Իշխանյանը հիշեցրեց, որ ՀՀ նոր իշխանությունները 100-օրյա պաշտոնավարման ժամանակահատվածում դեռևս միայն հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները՝ վարչապետների մակարդակով:

ԱՀ պատգամավորն ընդգծեց, որ կցանկանար ձեռնպահ մնալ ՀՀ նոր իշխանությունների 100-օրյա պաշտոնավարման վերաբերյալ ընդգրկուն տեսակետ ներկայացնելուց, քանի որ կարելի է անդրադառնալ նաև ներքաղաքական, ներքին կյանքին առնչվող հիմնախնդիրներին, ինչը գուցե արցախյան կողմի ընդհանուր մեկնաբանություններ և գնահատականներ տալու հարց չէ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել