Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ   օգոստոսի 15-ին տեղի  է ունեցել ԵՄ աջակցությամբ իրականացվող  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկում: Հանդիպմանը մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Նախարար Զեյնալյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ Արդարադատության նախարարությունը մշտապես բաց է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության համար: Նախարարի խոսքով՝ Արդարադատության նախարարությունը մեծապես գնահատում է քաղաքացիական հասարակության ռեսուրսն ու գործընկերային հարաբերությունները:

Հադիպմանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել ծրագրում տեղ գտած ոլորտային հարցեր. պրոբացիոն համակարգ և վաղաժամկետ ազատման ինստիտուտ, դատապարտյալների պահպան պայմաններ, նրանց վերասոցիալականացմանն ուղղված համալիր միջոցառումներ, ինչպես նաև անազատության մեջ գտնվող անձանց զբաղվածության ապահովում

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը համապարփակ ներկայացրել է ծրագրի ընդհանուր դրույթները, ներդրված մեխանիզմներն ու ակնկալվող արդյունքը, մասնավորապես անդրադառնալով՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, քաղհասարակության կարողությունների զարգացմանը, Կառավարության հետ համագործակցությանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը ակտիվորեն շարունակում է  աշխատել հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև ընդգծել է քաղհասարակության ջանքերն ուղղված Պրոբացիոն ծառայության ներդրմանը: Սուրեն Քրմոյանը նաև անդրադարձել է դատապարտյալների զբաղվածության հարցերին, ներկայացրել, որ այսօր անազատության մեջ գտնվողներն ունեն մասնագիտություն ունենալու, իրենց առօրյան կազմակերպելու բավականաչափ հնարավորություններ:

Աշխատանքային քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև ծրագրի մյուս մասերով նախատեսվող գործընթացներին: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, «Մարդու իրավունքներ, մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի ղեկավար Ժաննա Ալեքսանյանը նշել է, որ վերը նշված կազմակերպությունը զբաղվում է  իրավապաշտպանների նկատմամբ սպառնալիքների նվազեցմամբ, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ, փակ հաստատություններում գտնվող անձանց՝ զինծառայողների և ազատազրկվածների իրավունքների պաշտպանությամբ:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ, «Քայլ դեպի ավելի արդար Հայաստան» ծրագրի ղեկավար Արտակ Կիրակոսյանը, «Քայլ դեպի ավելի արդար Հայաստան» ծրագրի իրավաբան Եվգենիա Իվանովան, «Մարդու իրավունքներ, մշտադիտարկում և հրապարակայնություն» ծրագրի համակարգող Լիա Զորյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել