Պարուհի, դերասանուհի Մարիա Չանդիրյանը ֆոտոշարքերի սիրահար է և աշխատանքին զուգահեռ հաճույքով մասնակցում է նաև լուսանկարահանումների: Աժիոտաժի ու արկածների սիրահար աղջկա հերթական նոր ֆոտոշարքը տարբերվում է իր պոզիտիվությամբ: Մարիան լուսանկարներն առաջինը տրամադրել է BlogNews.am-ին ու պատմել մտահղացման ու նկարահանումների ընթացքի մասին: Ի դեպ, առիթից օգտվել ենք ու գեղեցկուհու հետ զրուցել նաև ինքնատիպ ոճի ու հագուստի նախընտրությունների մասին:

«Ֆոտոշարք անելու առաջարկը ստացել եմ Լուիզա Կարախանյանից, ով լուսանկարչությամբ զբաղվում է դեռ 13 տարեկանից: Նա Հայաստանում չի բնակվում, սակայն երբ արձակուրդներին գալիս է, որոշում ենք միասին մի հետաքրքիր բան անել: Ու այս անգամ էլ ծնվեց ֆոտոշարքի գաղափարը: Ասեմ, որ միանգամից համաձայնեցի, որովհետև նոր լուսանկարների ու նոր շնչի կարոտ է»:

Մարիան ֆոտոշարքի միջոցով ցանկացել է կարծրատիպ փոխել: Որքանով է հաջողվել՝ դժվարանում է ասել, սակայն, ըստ նրա, մի բան ակնհայտ է՝ իրեն այդ կերպարում դեռ ոչ ոք չէր տեսել. «Չգիտես ինչու, բոլորին միշտ թվում է, որ եթե խոսքը ֆոտոնկարահանման մասին է, ուրեմն՝ ինչ-որ սիրուն աղջիկ պետք է լինի, ընդ որում՝ լայն ժպիտով ու կարճ զգեստ հագած: Բայց այս անգամ մենք ցանկացել ենք փոխել այդ մտայնությունը: Ամենակարևորը՝ այս ֆոտոշարքում կա տրամադրություն: Լուիզայի հետ քննարկել ենք կերպարն, ու երկուսիս էլ դուր է եկել այն, ինչը ստացել ենք: Սա մեր երկրորդ համագործակցությունն էր»:

IMGP0773+l

Խոսելով նորաձևության տենդենցների մասին՝ Մարիան ասում է, որ թեև հետևում է դրանց, բայց ոչ միշտ է կիրառում առօրյայում. «Ես ինձ չեմ համարում ամբոխային անձնավորություն, որ եթե ինչ-որ բան թրենդի մեջ է, անպայման ես պիտի անեմ: Եթե ինչ-որ բան ինձ դուր է գալիս, ես անպայման կօգտագործեմ դա՝ անկախ նրանից՝ թրենդային է, թե ոչ»:

Դերասանուհու զգեստապահարանում գերակշռում է սև գույնը՝ չնայած նրան, որ Մարիան սիրում է գունեղ հագնվել. «Ինձ կարելի է տեսնել ամեն գույնի հագուստով: Բայց նկատել եմ, որ սևը և մոխրագույնը շատ են: Դեռ փոքր տարիքից սևը համարել եմ ամենաէլեգանտ գույնը: Ինձ թվում է՝ գեղեցիկ ներկայանալու համար ինչ իրավիճակում էլ լինի, սև զգեստն ավելի սլացիկ է դարձնում կնոջը։ Ամեն տրամադրության հետ կարողանում եմ հարմարացնել սևը»:

IMGP0794+l (1)

Մարիան ոչ թե բարձրակրունկների կամ սպորտային կոշիկների սիրահար է, այլ մոլի սիրահար. «Իմ տեսակն այնպիսին է, որ ես փոփոխման եմ ենթարկվում բարձրակրունկով և սպորտային կոշիկով: Ուղղակի խնդիրն այն է, որ սպորտային կոշիկով բռնում եմ մեծ պայուսակ, ինչի մեջ կարողանում եմ տեղավորել ավելին, քան հնարավոր է պատկերացնել: Սիրելով ինձ, իմ առողջությունը՝ նախընտրում եմ առօրյայում բարձրակրունկներով ինձ  չտանջել, չնայած շատ սահուն եմ քայլում ու ինձ հարմար զգում դրանցով: Պետք է իմանալ բարձրակրունկը որտեղ ու երբ կրել: Չեմ կարծում, որ ճիշտ է, երբ աղջիկները դեռ ուսանողական տարիներից իրենց կրունկներով տանջում երթուղայիններում: Այդ առումով ես ավելի շատ նման եմ եվրոպացիներին, սիրում եմ հարմարավետությունը: Չեմ հասկանում, որ առավոտյան շուտ արթնանում են, հագնում են տոնական շրջազգեստ, բարձրակրունկներ, խիտ դիմահարդարում ու այդպես գնում են, օրինակ, դասի: Մենք պետք է մեզ սիրենք, աղջիկներ ջան, քանի որ, անկախ նրանից՝ մենք բարձրակրունկով ենք, թե սպորտային կոշիկով, մենք գեղեցիկ ենք»:

IMGP0938+l

Պարզվում է՝ Մարիան շատ աղջիկներից տարբերվում է նաև նրանով, որ հաջորդ օրվա հագուստի ընտրության վրա գրեթե ժամանակ չի ծախսում։ Ահա թե ինչպես. «Քանի՞ ժամ եմ նվիրում հաջորդ օրվա հագուստը ընտրելուն: Կասեմ՝ ոչ մի րոպե: Նախկինում դա, իհարկե, խնդիր էր, քանի որ եթե մի հագուստ հավանում էի, անընդհատ նույնն էի կրում, ու իմ շրջապատում մտածում էին, որ ես ուրիշ հագուստ չունեմ: Հիմա ես այդ խնդրին լուծում եմ գտել, ունեմ իմ ոճաբանը՝ Ռիվա Համբարձումյանը, ով  զբաղվում է իմ հագուստներով՝ անկախ նրանից՝ ուր եմ ես գնում: Նույնիսկ երբ ես արտերկրում եմ, նրա հետ պարտադիր խորհրդակցում եմ: Շատ կուզենայի, որ մեզ մոտ ընդունված լիներ ոճաբաններին դիմելը, որովհետև շատ հաճախ հագուստը մեզ վրա տեսնում ենք այլ կերպ, իսկ  ոճաբանն այլ տեսանկյունից է նայում: Ռիվան կարողանում է բացահայտել իմ ոճային կողմերն ու ընդգծել դրանք: Ես նրան ամբողջությամբ վստահում եմ»:

IMGP1017+l

Մարիան բրենդամոլ չէ, ասում է՝ այդքան հարուստ չէ, որ իրեն թույլ տա օգտվել հանրահայտ նորաձևության տների հավաքածուներից. «Ինձ համար բրենդ են Dior-ը, Dolce & Gabbana-ն, Chanel-ը, բայց առայժմ ես ինձ չեմ կարող թույլ տալ հագնել այդ բրենդների հավաքածուներից: Հետևում եմ այս նորաձևության տների նորություններին, ունեմ նախընտրած ոճեր, բայց առայժմ չեմ օգտվում: Կյանքում չեմ դառնա բրենդամոլ ու կախվածություն ձեռք չեմ բերի: Գուցե մի օր պայուսակի համար վճարեմ  օրինակ 5000 դոլար,  բայց գոնե այս պահին ինձ այդպիսի շքեղություն թույլ տալ չեմ կարող: Կարծում եմ՝ ես շորասազ եմ, ինչ էլ հագնում եմ, իմ մարմնի կառուցվածքի հետ գեղեցիկ է լինում: Այդ առումով ավելի թեթև եմ ապրում»:

Պարուհու համար հագուստներ ընտրելիս ամենակարևորը հարմարավետությունն ու որակն են. «Հագուստի լավ ու վատ լինելը պայմանավորված չէ գնով»:

Առօրյայում Մարիային կարելի է տեսնել ամեն տեսակ հագուստով. «Ես ըստ տրամադրության եմ հագնվում և չեմ սիրում միօրինակությունը: Նախընտրած ոճ չունեմ, ինձ լավ եմ զգում ցանկացած ոճում»:

38633611_282993685617389_8197013791007834112_nIMGP1061+l39223256_940276756176429_645798498171617280_n

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Լուիզա Կարախանյանի
Դիմահարդարումը՝ Նատալի Տոնոյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել