Օգոստոսի 10-ին թուրքական արժույթի կտրուկ արժեզրկման պատճառով գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերիաթ Ալբայըրաքի մամուլի ասուլիսը ժամը 11:00-ից հետաձգվեց մինչև 14:00-ը: Հենց այս ժամանակահատվածում թուրքական լիրան արժեզրկվեց՝ սահմանելով ռեկորդ մեկ դոլարը՝ 6.7 լիրա, իսկ եվրոն՝ 7.6 լիրա:

Համեմատության համար ասեմ, որ օգոստոսի 9-ի երեկոյան լիրայի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմում էր 5.50 լիրա, իսկ եվրոյի արժեքը` 6.24 լիրա: Ուրբաթօրյա նամազից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթից հետո լիրան մի փոքր բարելավեց դիրքերը՝ դառնալով 6.49-ին: 

Թուրքական լիրայի կտրուկ անկումը պայմանավորված էր ԱՄՆ նախագահ Թրամփի թվիթերյան գրառման հետ, իսկ մի փոքր կայունացումն ու դիրքերի բարելավումը՝ Էրդողանի հայտարարության: Այս փաստը խոսում է այն մասին, որ լիրան դեռևս արժեզրկվում է բացառապես առանց տնտեսական որևէ լուրջ քայլեր անելուց, ասել է, թե՝ այ այդքան չպաշտպանված է այն:

Թուրքական կողմի նախաձեռնությամբ օգոստոսի 8-ին Վաշինգտոն մեկնելուց հետո թուրքական պատվիրակությանը մի քանի պայմաններ են ակնարկվել ամերիկյան կողմից: Ամերիկյան կողմից ակնարկվել է, որ չի քննարկվելու ամերիկացի հոգևորական Բրունսոնի ազատ արձակման հարցը, քանի որ դա պահանջ է, այլ ոչ թե քննարկման թեմա: Երկրորդ՝ ԱՄՆ-ն թուրքական կողմից պահանջում է գրավոր ներկայացնել բոլոր առաջարկները, և երրորդ՝ ԱՄՆ-ն Թուրքիայի համար սահմանում է վերջնաժամկետ, այսպես ասած՝ կողմնորոշվելու համար, դա օգոստոսի 15-ն է:

Թուրքական ֆինանսական և տնտեսական այս դժվարին պահին Էրդողանի փեսան հանդես է եկել տնտեսական նոր ծրագրով, որի իրականացման համար անհրաժեշտ է կայուն տնտեսության առկայություն:

Այս մասին նա հայտարարեց ֆինանսների նախարարի ասուլիսի ժամանակ, իսկ մինչ ֆինանսների նախարարը ասուլիս էր տալիս, լիրան շարունակում էր արժեզրկվել: Այդ ընթացքում Էրդողանը հեռախոսազրույց է ունենում Պուտինի հետ: Պուտինը վերահաստատում է Ռուսաստանի մասնակցությունն ատոմակայանի կառուցման հարցում, ինչպես նաև աջակցությունն ու համագործակցությունը Սիրիայի հարցում:

Թուրքիայում տնտեսագետները չեն կարողանում հստակ պատասխան տալ, թե ինչի՞ հետ է կապված թուրքական լիրայի արժեզրկումը, քանի որ ամեն մի քաղաքական, տնտեսական լուրից հետո ցնցվում է լիրան: 
Երևանի ժամանակով 10:00-ին մեկ դոլարը գնվում է 6.43 լիրայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել