Տեխասի համալսարանի գիտնականները առաջին անգամ թոքեր են աճեցրել և դրանք պատվաստել են խոզերին, որոնք վիրահատությունից հետո մի քանի շաբաթ ապրել են։ Այս մասին հաղորդում է Science News պարբերականը։

Հետազոտողների խոսքերով՝ փոխպատվաստված թոքերի հյուսվածքներում առողջ արյունատար անոթներ են զարգացել, ինչի արդյունքում օրգանները կարողացել են ընտելանալ միջավայրին։

Փորձի շրջանակներում կենդանիներին սպանել են վիրահատությունից 10 ժամ, երկու շաբաթ, մեկ ամիս և երկու ամիս հետո։ Դա արվում էր գնահատելու համար, թե որքան լավ են օրգանները ընտելացել օրգանիզմին։

Ամբողջ փորձի ընթացքում խոզերը չեն ստացել իմունադեպրեսանտներ, սակայն գիտնականները կենդանիներից ոչ մեկի դեպքում փոխպատվաստված օրգանի՝ օրգանիզմի կողմից մերժում չեն հայտնաբերել։ Միևնույն ժամանակ հետազոտողները նշում են, որ արհեստական օրգանները ֆունկցիոնալ չեն եղել, քանի որ նրանք միացված չեն եղել թոքերի երակների հետ։

Գիտնականները հույս ունեն, որ ապագայում կկարողանան կատարելագործել այս մեթոդը և լիարժեք օրգաններ ստանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել