Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման շրջանի հրատապ լուծում պահանջող խնդիրները: 

Վարչապետը նախ անդրադարձել է ոռոգման հետ կապված առկա կարիքներին, ավելի վաղ ներկայացված կանխատեսումներին և ընդգծել. «Ընդհանրապես, Սևանա լճի այսօրվա իրավիճակը մեզ ստիպում է արձանագրել, որ պետք է դադարենք Սևանին վերաբերվել որպես խաղալիքի կամ ջրի տարայի: Դա բացարձակապես անթույլատրելի է, և Սևանին որպես ջրի տարա վերաբերվելու գործելակերպը, ցավոք, արդեն երկար ժամանակ Հայաստանում վերածվել է պետական քաղաքականության, ու դրա հետևանքները մենք այսօր տեսնում ենք: Հույս ունեմ, որ ներկաները հենց այս տրամադրությամբ և տրամադրվածությամբ են եկել այսօրվա քննարկմանը: Մենք պետք է այս փակ ու անցանկալի շղթան ի վերջո ճեղքենք»: 

Այնուհետև պատասխանատուներրը ներկայացրել են ջրամբարների լցվածության մակարդակի, ոռոգման սեզոնը լիարժեք փակելու համար անհրաժեշտ ջրի քանակի, ճեղքվածքը լրացնելու հնարավոր միջոցառումների, Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը, որի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ ոռոգման խնդիրների լուծման ուղղությամբ: Այնուհետև անդրադարձ է կատարվել ոռոգման համակարգերից ջրային կորուստների նվազեցմանը, ՀԷԿ-երի գործունեության վերահսկողությանը և առաջացող բնապահապանական խնդիրներին: 

Քննարկման արդյունքներով՝ վարչապետը հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ ձևավորել աշխատանքային խումբ, որն առավելագույնը կարճ ժամանակահատվածում կքննարկի գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ոռոգման ջրի ապահովման խնդիրն ու կներկայացնի համապատասխան առաջարկություններ: «Անհրաժեշտ է ուսումնասիրել իրավիճակը և գտնել առանց Սևանա լճից ջուր բաց թողնելու խնդրի լուծման տարբերակներ: Խնդիրը պետք է լուծել մաքսիմալ արդյունավետ և կարճ ժամանակում»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ ընդգծելով հանրապետությունում կաթիլային ոռոգման համակարգի զարգացման անհրաժեշտությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել