Analitik.am-ը գրում է․

Analitik.am- ը նախագիծ է սկսել, որի շրջանակներում անկախ վերլուծաբանները ներկայացնում են իրենց հոդվածները: Ներկայացնում ենք առաջին հոդվածը, որը վերաբերում է կառավարության կողմից  հարկային մուտքերի հետ կապված ցուցանիշների մանրամասներին:

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուների ցանկն ու նրանց վճարած հարկերի չափը: Հիմնական եզրակացությունն այն է եղել, որ այս տարվա առաջին կիսամյակում դրանք ավելի են նախորդ տարվա առաջին կիսամյակից մոտ 68 մլրդ դրամով (ցուցանիշը երբեմն կլորացվում է եւ ներկայացվում է գրեթե 70 մլրդ դրամ): Մյուս եզրակացությունն այն է, որ խոշոր հարկատուները վճարում են վճարած ամբողջ հարկերի մոտ 74 տոկոսը: Թե առաջին, թե երկրորդ ցուցանիշը ներկայացվում է որպես նոր կառավարության ձեռքբերում: Իրականում ոչինչ չի փոխվել՝ առնվազն վերջին 17 տարիներին խոշոր հարկատուները վճարել են ամբողջի 70-75 տոկոսը, իսկ յուրաքանչյուր հաջորդ տարի նախորդի համեմատ թե խոշոր հարկատուների վճարած, թե բոլոր հարկատուներից հավաքված հարկերն ավելի շատ են եղել նախորդ տարվա համեմատ: Սա ամենևին էլ ցնցող նորություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Տարի է եղել՝ 2011-ին, երբ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են մոտ 100 մլրդ դրամով: Բացառություն է կազմել միայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարին՝ 2009 թվականը, երբ ավելի քիչ հարկեր հավաքվեց, քան նախորդ տարի:

Եւս մեկ մանր խորամանկություն, որ կատարվում է ՊԵԿ-ի այս ցուցանիշները ներկայացնելիս: Հրապարակումների վերնագրերում նշվում է, որ ավելի է հավաքվել՝ 68,5 մլրդ կամ 70 մլրդ դրամ հարկեր, այն դեպքում, երբ խոսքը միայն խոշոր հարկատուներից ավելի հավաքված հարկերի մասին է: Ինչ վերաբերում է ընդհանուր հարկերի ցուցանիշներին, ապա այստեղ կառավարության ներկայացուցիչները չեն ցանկանում համեմատություններ անել, քանզի նրանց խանգարում է «հարկերի անցումային գերավճար» կոչվող ցուցանիշը, որ այս տարվանից սկսել է ներառվել նաև  ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշներում:

Բանն այն է, որ նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը տնտեսական զարգացման բարձր տեմպ արձանագրելով, որոշել էր ավելացնել տնտեսվարողներին (արտահանողներին) հետ վերադարձվող ավելացված արժեքի հարկի գումարը, այսինքն՝ նվազեցներ գերավճարը և միայն այդ ցուցանիշը հանելուց հետո, ներկայացնել թե որքա՞ն հարկեր են հավաքվել: Այս առումով հունվար-փետրվար ամիսներին ռեկորդային գումար՝ մոտ 54 մլրդ դրամ է հետ վերադարձվել տնտեսվարողներին, որն արձանագրվել է ազգային վիճակագրական ծառայության վերոնշյալ՝«հարկերի անցումային գերավճար» ցուցանիշում: Եթե նման քայլ չաներ նախորդ կառավարությունը, ապա առաջին եռամսյակի արդյունքում պետական բյուջե մուտք գործած զուտ հարկային եկամուտները կկազմեին ոչ թե գրեթե 240 մլրդ դրամ, այլ 298 մլրդ դրամ կամ 43 մլրդ դրամով ավելի, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում (255 մլրդ դրամ): Սակայն նախորդ կառավարությունը այդպես չարեց, քանզի տնտեսական բարձր աճի տեմպ էր ապահովել, որը ենթադրում էր տնտեսական բոլորն ցուցանիշների շարունակական բարելավում տարվա մյուս ամիսներին ևս, այդ թվում նաև  հարկային մուտքերի շարունակական աճ:

Սակայն, քանի որ ուրբաթը շաբաթից շուտ եկավ եւ «սիրո և հանդուրժողականության» հեղափոխության հետևանքով իշխանության գլուխ հայտնվեց այլ վարչապետ և այլ կառավարություն, պատկերը փոխվեց: Տնտեսական աճի տեմպը սկսեց նվազել, ինչն անպայման պետք է անդրադառնար նաև  հարկային եկամուտների հավաքման ցուցանիշի վրա: Դա ինչ-որ կերպ թույլ չտալու կամ թաքցնելու համար նոր կառավարությունը երկու ճանապարհ ընտրեց՝ առաջին՝ այսպես կոչված «կոռուպցիոն բացահայտումների» միջոցով պետական բյուջեն համալրել, որի արդյունավետությունը ցածր է և չէր կարող տասնյակ միլիարդների եկամուտ ապահովել՝ այն էլ անմիջապես և երկրորդ՝ գրեթե դադարեց հետ վերադարձնել ավելացված արժեքի հարկի գումարները կամ որ նույնն է՝ դադարեց նվազեցնել գերավճարը: Եթե հունվար-փետրվարին նախորդ կառավարությունը, ինչպես արդեն նշվել է , գերավճարը նվազեցրել էր մոտ 54 մլրդ դրամով, ապա ապրիլ-հունիս ամիսներին՝ այն նվազեցվել է ընդամենը 1 մլրդ դրամով:

Ի՞նչ ստացվեց արդյունքում: Այս տարվա առաջին կիսամյակում՝ հունվար-հունիսին ընդհանուր առմամբ հավաքված զուտ հարկային եկամուտները կազմել են մոտ 573 մլրդ դրամ կամ ընդամենը 23 մլրդ դրամով ավելի՝ քան նախորդ տարվա առաջին կիսամյակում: Մինչդեռ, եթե այս կառավարությունը ևս գերավճար նվազեցներ նույն 54 մլրդ դրամով, ինչպես առաջին եռամսյակում, ապա ոչ թե լրացուցիչ հարկային եկամտի, այլ առնվազն 20-21 մլրդ դրամով պակասի մասին խոսք կգնար: Մյուս կողմից էլ, եթե Կարեն Կարապետյան կառավարությունը չնվազեցներ գերավճարը 54 մլրդ դրամով, ապա, ինչպես նշվեց վերևում, կստացվեր, որ առաջին եռամսյակում՝ հունվար-մարտին փաստացի լրացուցիչ հավաքվել է մոտ 43 մլրդ դրամ: Այսինքն, ստացվեց, որ հունվար-մարտին փաստացի հավաքվել է մոտ 43 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ, իսկ հունվար-հունիսին՝ … 23 մլրդ դրամով: Թվաբանական պարզ գործողություն կատարելով կտեսնենք, որ ապրիլ-հունիսին հեղափոխական կառավարության կողմից փաստացի հավաքված հարկային եկամուտները … նվազել են 20 մլրդ դրամով:

Ահա այսպիսի աճպարարություն, որն «ապահովել» է հարկային եկամուտների «աճի» պահանջվող ցուցանիշը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել