Yerkir.am-ը գրում է.

Պարզվում է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա արգելք է դրված: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Քոչարյանի փաստաբանները հայտնեցին, որ  բողոքարկելու են հարազատների հետ նրա տեսակցություններն արգելելու վերաբերյալ որոշումը:

«Ինչո՞ւ չեն թույլատրում տեսակցությունները, մեզ էլ է դա հետաքրքիր: Մենք նախաքննությանը խնդրել ենք ներկայացնել որոշման կրկնօրինակը: Հենց ստանանք, կբողոքարկենք»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 8 ժամ տևած քննությունից հետո բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել