Ապաքաղաքական, բայց կարևոր

Կառավարության երեկվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում բուհերի խոշորացում իրականացնելու խնդրին:

Հարցն իրոք խիստ կարևոր է, բազմիցս ասել եմ, որ մեր երկրում չկա համապատասխան գիտա-մանկավարժական, հետազոտական և ենթակառուցվածքային ներուժ այդ քանակությամբ պետական և մասնավոր բուհեր ունենալու համար, ինչն ուղղակիորեն ազդում է կրթության որակի վրա:

Նախարար աշխատած տարիներին մեր թիմին հաջողվել էր 2009 թվականին 90-ից ավել մասնավոր բուհերի թիվը 2015-ին հասցնել շուրջ 30-ի, ինչը էլի շատ էր: Միաժամանակ օրենսդրական հիմքով ԿԳՆ դաշտ էի բերել նաև բժշկական կրթության մասնավոր հաստատությունները, բայց ամբողջությամբ լուծել խնդիրը չեմ հասցրել:

Սակայն երեկվա նիստին վարչապետի բերած օրինակների մասով մտահոգ եմ: Դիվանագիտական ակադեմիան և Արդարադատության ակադեմիան հետդիպլոմային կրթության հաստատություններ են, որոնք շարունակական կրթության և մասնագիտական վերապատրաստումների հնարավորություն են ստեղծում ոլորտի մասնագետների համար:

Երկուսն էլ հիմնադրվել են և աշխատել են ԵՄ աջակցությամբ: ԵՊՀ համապատասխան ֆակուլտետների և այս ակադեմիաների գործառույթները չեն հակադրվում, այլ մեկը մյուսի շարունակությունն են:

Կարծում եմ՝ արտաքին գործերի, արդարադատության, կրթության և գիտության նախարարները պետք է միասին պարզաբանեն հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել