«Հեղափոխությո՞ւն, թե՞ հակահեղափոխություն»․ սա է հարցը։

Ինչ-որ երևույթի «հակա»-ն լինում է այն դեպքում, երբ լինում է հենց այդ երևույթը: Անհնար է լինել «հակահեղափոխական», երբ չի եղել հեղափոխություն, և անգամ այս եզրույթների պայմանական օգտագործման դեպքում այն կատարյալ աբսուրդի է հասնում, հավատացեք: Հեղափոխությունը շատ կոնկրետ դասագրքային և էմպիրիկ սահմանումներ և օրինակներ ունեցող երևույթ է, և որքան էլ փորձեք նախապես կոնսենսուսային պայմանականություն ունեցող հեղափոխություն եզրույթը «տեղավորել» մեր իրականության մեջ, միևնույն է, չի ստացվելու (ավելի մանրամասն` ոչ ստատուսային ձևաչափով): Իսկ «հակահեղափոխություն» եզրույթը չեղած հեղափոխության ֆոնին շատ վտանգավոր է դառնալու բոլորիս համար:

Պատմության մեջ կա մի տրիվիալ օրինաչափություն` ցանկացած հեղափոխությունից հետո հակահեղափոխությունը ճնշվում է ռեպրեսիվ միջոցներով, որն էլ առավել հայտնի է «հեղափոխական տեռոր» անունով: Հեղափոխական տեռորի օրինակներ շատ կան աշխարհում, որոնցից գեթ մեկը չի ավարտվել տվյալ տարածքում առավել բարեկեցիկ կյանք ապահովելով, իսկ լեզվամտածողությունը շատ բարդ բան է, ու այդքան հաճախակի շեշտելով «հակահեղափոխության ուրվականի» մասին՝ դուք ուղղակի հասնելու եք ռեպրեսիայի անխուսափելիության` ծայրաստիճան վտանգավոր հանգրվանին, իսկ դրանից հետ ճանապարհ չկա: Ասածս ի՞նչ է. մի ասեք հակահեղափոխություն, մի նույնականացրեք կառավարությանն ընդդիմադիր դիրքեր ունեցողներին «հակահեղափոխականի» հետ: Դրանով բացարձակացնում եք քաղաքական իշխանությանը և նրան մղում եք դեպի էլ ավելի փակուղային ճանապարհ: Ու հավատացեք, որ հենց այս դիսկուրսի պատճառով է, որ կառավարության 100 օրվա կապակցությամբ մարդը հանրահավաք է հրավիրում (Ադոլֆը Նյուրնբերգյան հանրահավաք-համաժողովը իշխանություն ունենալով արե՞ց), հենց դրա համար է, որ որոշ ցինիկ ոչնչապաշտներ դնում ու հայտարարում են, որ դա հանրահավաք է ընդդեմ Ռուսաստանի:

Էս տրամաբանությունը խանգարելու է հենց Նիկոլ Փաշինյանին, որն իրոք հավատալու է, թե հանրահավաքով պետք է արտաքին քաղաքականություն թելադրի ու ավելի ու ավելի է երկիրը մղելու վտանգավոր փակուղի: Դրանից հետո հրաժարական տալ-չտալը կապ չունի, հավատացեք, Էլչիբեյն էլ «հրաժարական տվեց», բայց դրա հետևանքով Ղարաբաղը կորցրեց: Շատ վտանգավոր կացության մեջ ենք, ու արդեն անժխտելի է, չէ՞, որ սիրո և համերաշխության լոզունգի ներքո հասարակության ծայրահեղ բևեռացում ու անհանդուրժողականություն է տարածվում: Հասկանում եք, չէ՞, որ սա լավ տեղ չի տանելու ու, վստահ եմ, շատերդ գիտակցում եք, որ անգամ հրաժարականով հնարավոր չի լինելու խույս տալ պետական դավաճանության հոդվածից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել