Սիրելի ընթերցողներ, ես ունեմ խորը ու, ըստ իս, հիմնավոր համոզմունք, որ Զոյա Թադևոսյանի հայտարարությունն ու դրա շուրջ զարգացումները պատահական իրադարձություններ չէին, այլ հատուկ գործողություն, որի նպատակն էր շոշափել, թե որքանով է բերրի հող ստեղծվել հողհանձնողական տրամադրություններ սերմանելու համար վերջին ամիսների զարգացումների ֆոնին։

Ընդ որում՝ ես գրեթե վստահ եմ, որ նույն Զոյա Թադևոսյանն ու ՀԱԿ-ի մարգինալիզացված թևը, որը Տեր-Պետրոսյանի թեզը վաղուց ընկալում է որպես Աստծո պատվիրան, այլ ոչ քաղաքական տեսակետ, որը կարող է սխալ էլ լինել, սկի չեն էլ հասկացել, որ իրեն ու իրենց իրական շահագրգիռ կողմերը в темную խաղարկեցին։ Կոպիտ ասած՝ գրեթե ողջ նեգատիվ էներգիան ու հակազդեցությունը պրոյեկտվեցին «լևոնականների» վրա, իսկ մարիոնետներին կառավարողները ստացան իրենց հարցերի պատասխանները։

Ես միանգամայն կիսում եմ այն մտահոգությունները, որ սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են, ու այս դիսկուրսն արհեստականորեն էլի են մտցնելու հասարակության մեջ առաջիկա շաբաթներին ու ամիսներին։ Կիսում եմ նաև այն մտահոգությունները, որ մեր հասարակությունը հավեժ իմունիտետ չունի, մանավանդ եթե կողմնակի գործոններով սադրվեն։ Այդպիսի գործոններից ամենաարդյունավետն ու արդեն կիրարկման փուլում գտնվողը հայաստանցի-ղարաբաղցի բաժանումն օրակարգ բերելն է, որը սրում են այդ թվում նաև Զոյա Թադևոսյանի պես «օգտակար հիմարների» միջոցով (խնդրում եմ որևէ կերպ չընկալել սա որպես վիրավորանք․ դա քաղաքական-հասարակագիտական տերմին է՝ «полезный идиот»):

Զոյայի կիրառությամբ օպերացիան ավարտվեց, բայց վստահեցնում եմ՝ նման օպերացիաները սկսելու են կրել պարբերական բնույթ, ու հավաստիացնում եմ, որ դրանց հետևում ՀԱԿ-ի ականջները չեն, այլ միանգամայն այլ ու մասամբ էլ ոչ այնքան հայկական ականջներ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել