168.am-ը գրում է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն Արցախի անվտանգության առումով վտանգ չի պարունակում։ Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը։

«Նա որևէ բան չի նշել կոնկրետ հակամարտության կարգավորման կամ իրավիճակի մասին, պարզապես Ռուսաստանի դիրքորոշումն է արտահայտել»,- ասաց նա։

Ըստ Դ. Բաբայանի՝ ընդհանրապես պետականաշինության, պետական շահերից ելնելով պետք է դիտարկել ոչ միայն՝ այն զարգացումները, որ տեղի են ունենում հայ-ռուսական հարաբերությունների ներքո, փորձել շահարկումների ենթարկել, այլ ամեն ինչ պետք է դիտարկել մեր պետական շահերի ներքո։

Նա նշեց, որ պետք է շատ լավ հասկանալ մի բան՝ երկրագունդն ինտեգրված տարածք է, չկա մի երկիր, որ 100 տոկոսով որևէ կապ չունենա այլ երկրների հետ, ինտեգրված չլինի ինչ-որ տեղ, կամ փոխկապակցվածության, փոխադարձ շահերի և այլնի մեջ. «Հազարավոր թելեր կան, որ տարբեր երկրների կապում է մեկը մյուսին։ Եվ պետականաշինության գործընթացում շատ կարևոր է, որ օրենքը լինի գերակայող, որպեսզի առաջնայինը լինեն պետական և ազգային շահերը, որպեսզի հաշվի առնվի նաև արտաքին քաղաքական տարբեր վեկտորների ազդեցությունն ու նշանակությունը, և այլն։ Սա իրականություն է։

Եթե փորձենք այդ ամենից կտրվել, հնարավոր չի, դա նշանակում է, որ իրականությունից ենք կտրվում։ Հետևաբար, կարծում եմ, որ ամենակարևորը, որպեսզի զարգացումներն ընթանան զուտ օրենքի տեսանկյունից, առանց քաղաքական շահարկումների, առանց քաղաքականացման, առանց սուբյեկտիվ մոտեցումների գերիշխելու, և արդյունքում շատ ու շատ խնդիրներ կլուծվեն, դա և՛ ներսում պետականաշինությանն է օգուտ, և՛ մեր հարաբերություններին է օգուտ աշխարհի հետ։ Այս հրամայականն ու այս պարզ ճշմարտությունը մենք պետք է միշտ հասկանանք։ Կարծում ենք, որ ամեն ինչ պետք է ընթանա օրենքի սահմաններում, չի կարելի շահարկել, քաղաքականացնել»։

Դ. Բաբայանի խոսքով՝ հայկական պետականության հիմքն Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է, համախմբված հասարակությունն է և արտաքին քաղաքականության հավասարակշռված լինելն է. «Ցանկացած քայլ, որը կվնասի նույնիսկ որևէ բաղադրամասի, կամ բոլորը միասին, կարող է բերել շատ ծանր հետևանքների։ Սա պետք է բոլորս իմանանք»։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովը հայտարարել է, որ Հայաստանում իրադարձություններն ընթանում են Հայաստանի նոր իշխանությունների` իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին հակառակ: «Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից, միշտ հետաքրքրված է եղել հայկական պետության կայունությամբ, քանի որ այնտեղ տեղի ունեցողը չի կարող մեզ չանհանգստացնել, այդ թվում նաև՝ ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնցում մասնակցում է Հայաստանը»,- ասել է նա:

«Վերջին օրերին մենք մի քանի անգամ մեր մտահոգությունը հասցրել ենք հայկական ղեկավարությանը,- ավելացրել է նախարարը,- հույս ունենք, որ իրավիճակն ամեն դեպքում կառուցողական ճանապարհով կընթանա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել