Ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի և տիկին Լաուրա Մատարելլայի՝ այսօր երեկոյան Հանրապետության նախագահի նստավայրում նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ:

Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջիո Մատարելլան հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած 25 տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-իտալական երկկողմ օրակարգի հարցերին:

Ստորև ներկայացնում ենք նախագահ Արմեն Սարգսյանի բաժակաճառը
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պատվին տրվող պաշտոնական ընթրիքին. 

«Մեծարգո պարո՛ն Նախագահ, 

Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ, 

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք, 

Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատտարելլայի գլխավորած պատվիրակությանը:



Իտալացի իմ գործընկերոջ հետ արդեն առիթ ունեցա քննարկել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ընթացքը և նրա հեռանկարները: Մենք լրջորեն շահագրգռված ենք շարունակել համագործակցությունը՝ նաև նոր ուղղություններով և ծրագրերով համալրել մեր քաղաքական երկխոսության օրակարգը:

Անցած տարի նշեցինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Կարծում եմ` մեր երկրների միջև հաստատված փոխվստահությունը հզոր ազդակ է ընդլայնելու մեր կապերը տնտեսության, առևտրի, մշակույթի, գիոտության և կրթության ոլորտներում և այլ բնագավառներում:

Մեզ բաժանում է միայն տարածությունը, մինչդեռ միացնող ու ընդհանուր շատ բաներ ունենք: 

Անձամբ ես շատ եմ կապված Իտալիային: Ժամանակին ես դասավանդել եմ Բոլոնիայի համալսարանում, ապրել և զեկուցումներ կարդացել Սիցիլիայի Էրիչե գիտական կենտրոնում: Հռոմում հաճախ այցելել եմ Պիացցա Բարբերինիի և Վիա Վենետոյի միջև գտնվող հին հայկական թաղամասը իր Լևոնյան վարժարանով, ինչպես նաև Վիլլա Աբամելիք, Սուրբ Վլաս եկեղեցի:

Իսկապես, Իտալիայում շրջելիս ցանկացած հայ զգում է ինչ-որ հարազատություն, ամեն տեղ հանդիպում ես մեր ժողովուրդների բարեկամության հինավուրց վկայությունների: Հայաստանը պատմության տարբեր շրջաններում դաշնակից էր կամ էլ մաս էր կազմում Հռոմեական հզոր կայսրության, Միջնադարում Կիլիկյան Հայաստանը սերտ քաղաքական և առևտրական կապերի մեջ էր Իտալիայի հետ, հայերը և ջենովացիները 14-15-րդ դարերում համատեղ իշխում էին Ղրիմի Թեոդոսիայում:

Ի դեպ, պարո՛ն նախագահ, Կիլիկյան Հայաստանի թագավորական տան տիտղոսը մինչև հիմա պատկանում է Սավոյա ընտանիքին:

Հայ քրիստոնյայի հավատացյալների համար մեծ արժեք ունի այն փաստը, որ Հայոց եկեղեցու առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչը եկել է Հռոմից, եկել է Կոստանդնուպոլիսից, բայց նրա մասունքները պահվում են նաև Իտալիայում` Նեապոլի և Նարդոյի Սան Գրեգորիո Արմենո անունը կրող եկեղեցիներում: 
Նոր ժամանակներում հայկական մշակույթի զարթոնքի կարևորագույն կենտրոններից մեկը եղել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որտեղ շուրջ երեք հարյուրամյակ գործող Մխիթարյան միաբանությունը՝ որպես հայագիտական խոշոր կենտրոն, իր անգնահատելի ավանդն է ներդրել հայկական ու համաշխարհային գիտակրթական և մշակութային գանձարանի հարստացման գործում: Հայկական Վենետիկը իր Հայկական թաղամասով, պալատներով, Մուրադ-Ռափայելյան ճեմարանով, եկեղեցիներով այսօր էլ մեր և իտալացիների համատեղ հպարտության առարկան է: Այսօր մենք հպարտանում ենք և հպարտությամբ հիշում մեր անցյալը, բայց՝ և մեծ ակնկալիքով նայում ապագային:

Հարգելի՛ հյուրեր,

Այսօրվա ժողովրդավար, նոր Հայաստանը վարում է հավասարակշռված և վստահելի միջազգային քաղաքականություն: Այս ճանապարհին մենք ապավինում ենք մեր գործընկերների աջակցությանը: Իտալիան մեր լավագույն բարեկամներից է, և մենք կանենք հնարավորը՝ մեր հարաբերություններն է՛լ ավելի սերտացնելու, է՛լ ավելի ջերմացնելու և է՛լ ավելի փոխշահավետ դարձնելու համար: Հայաստանը և Իտալիան մեծ հնարավորություններ ունեն առավել զարգացնելու կապերը տնտեսության, բիզնեսի, կրթության, մշակույթի ու այլ ոլորտներում: 

2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանը և Եվրամիությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Դրանով Հայաստանը, որը միշտ եղել է Եվրոպայի անբաժանելի մասը, է՛լ ավելի խորացրեց իր գործընկերային հարաբերությունները եվրոպական ընտանիքի հետ, և, մասնավորապես, Իտալիայի հետ: 

Հայ-իտալական համագործակցության զարգացմանը նպաստում է նաև Իտալիայի հայ համայնքը: Այդ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները 1915թ. Հայոց ցեղասպանությունը վերապրածներն և նրանց զավակները: 

Իտալացի ազգային հերոս Ջուզեպպե Գարիբալդին այսպես է ասել. «Ես պնդում եմ, որ մարդիկ իրավունք ունեն տնօրինելու իրենց սեփական ճակատագիրը և, իհարկե, միշտ պետք է թույլ տան նաև ուրիշները տնօրինեն իրենցը»։ Մենք՝ հայերս, լիովին կիսում ենք այդ տեսակետը, դա է Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի ժողովրդի արդարացի պայքարի ողջ իմաստը՝ տնօրինել սեփական ճակատագիրը:

Հարգելի՛ բարեկամներ,

Առաջարկում եմ բաժակ բարձրացնել մեր ժողովուրդների բարօրության ու խաղաղ ապագայի, հայ-իտալական անկեղծ բարեկամության և անձամբ Իտալիայի նախագահ պարոն Մատտարելլայի համար»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել