Armtimes.com-ը գրում է.

Գումարի բացակայության պատճառով Իսրայելը գուցե չկարողանա անցկացնել «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթը: Միջոցառումը պետք է այնտեղ կայանա, քանի որ այս տարի Պորտուգալիայում հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Նետա Բարզիլայը: Իսրայելական պարբերականները հայտնում են, սակայն, որ «Կան» (Kan) հանրային հեռուստառադիոընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի:

«Կանը» դիմել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ինչպես նաեւ ֆինանսների ու հաղորդակցության նախարարություններ: Տեղեկացրել է, որ, եթե 5 օրվա ընթացքում եվրոպական կազմակերպիչների հաշվին չփոխանցվի 14 մլն դոլար, ապա Իսրայելը կարող է զրկվել մրցույթն անցկացնելու իրավունքից:

Ֆինանսների նախարարը առաջարկել է վարկ վերցնել: Այդ միտքը «Կանին» դուր չի եկել: Ընկերությունը պահանջում է, որ երկրի ղեկավարությունը մեծացնի իր բյուջեն, սակայն Նեթանյահուն զգուշացրել է, որ պետությունը չի ֆինանսավորելու երգի մրցույթը: Նաեւ նշել է, որ «Կանը» պետք է բավարարվի իր տարեկան բյուջեով:

Մրցույթը անցկացնելու համար անհրաժեշտ է 35 մլն դոլար: «Կանի» տարեկան բյուջեն 190 մլն դոլար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել