168.am-ը գրում է.

Հայաստանն ունի բոլոր հայերի կարիքը՝ Երևանից մինչև Վաշինգտոն, Փարիզից մինչև Տոկիո: Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանատանը հավաքված հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

«Երևանում, կառավարությունում, որևէ մասնավոր տանը, Վաշինգտոնում, Փարիզում, Տոկիոյում և որտեղ որևէ հայ կա, բոլորս պետք է քաջ գիտակցենք ու հսկայական պատասխանատվություն ունենանք այն հնարավորության համար, որ ստեղծվել է Հայաստանում: Վստահ եմ՝ գերագնահատած չեմ լինի, եթե ասեմ, որ բացառիկ հնարավորություն ունենք հայ ազգի հեղինակությունը բարձրացնելու, ապահովելու զարգացում Հայաստանում ու սփյուռքում»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Փոխվարչապետ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի իշխանությունը ժողովրդավարական արժեքներ որդեգրած պետություններից ակնկալում է կանգնել Հայաստանում ձևավորված նոր կառավարության կողքին: «Այն, ինչ կկատարվի Հայաստանի հետ՝ լինի հաջողություն, թե ձախողում, դա չի լինի միայն մեր քաղաքական թիմի հաջողությունը կամ ձախողումը: Դա նույնիսկ չի լինի միայն Հայաստանի հաջողությունը կամ ձախողումը: Դա լինելու է ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների փորձաքննությունը, հաջողությունը կամ ձախողումն աշխարհում: Բոլոր այն վարչակազմերը, որոնք հավատալով, թե ոչ, հռչակում են իրենց ժողովրդավարության պաշտպան, այսօր չունեն այլընտրանք, քան կանգնել Երևանի նոր կառավարության կողքին ու պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում»,-ասել է պաշտոնյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել