Ամուլսարի շահագործման խնդիրը Նիկոլ Փաշինյանի կառավարության համար դառնում է հերթական հիմնահարցը, որտեղ անհրաժեշտ է քաղաքական լուծում գտնել։ Հանրային հնչողություն ունեցող նմանատիպ երկու փորձության արդեն ենթարկվել է մեր նոր կառավարությունը։ «Սասնա Ծռերի» ճգնաժամի դեպքում տրվեց նրանց համակիրներին բավարարող լուծում, որն ամբողջովին չէր համապատասխանում արարքի ծանրությանը եւ իրավական նորմերին։ Կենսաթոշակային ռեֆորմի ժամանակ որպես լուծում ընդունվեց պետական բյուջեի վրա լրացուցիչ բեռ վերցնելը, այսինքն հասարակության մի մասը խնդիրը լուծվեց բոլորի հաշվին։

Ամուլսարի դեպքում որպես հարցի պահանջատերներ մի կողմից հանդես է գալիս հանքը շահագործող ընկերությունը, որն այստեղ ունի իր բիզնես շահերը, նրանք նաեւ շեշտում են այն ակնհայտ տնտեսական օգուտը, որ կստանա երկիրը։ Մյուս կողմից դրան ընդդիմանում են բնապահպանները, որոնք գտնում են, որ Ամուլսարի հանքի շահագործումից ստացվող օգուտը անհամադրելի է շրջակա միջավայրին հասցվող վնասին։

Շահագործման կողմնակիցների բերած փսատարկների շարքում է արդեն իսկ արված հսկայական՝ շուրջ $320 մլն. ներդրումները, սպասվող նոր ներդրումները, ինչպես նաեւ այն, որ շահագործումն արգելելու դեպքում Հայաստանը կարող է մեծ տույժերի ենթարկվել համաձայն իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների։ Ներկա փուլում, երբ կառավարությունը կարեւորագույն է համարում ներդրումներ ներգրավելու հարցը, շահագործման կասեցումը լրջորեն կվնասի երկրի ներդրումային վստահելիության իմիջին։

Բնապահպաններն, իրենց հերթին, հայտարարում են, որ Ամուլսարի շահագործումը աղետ է ոչ միայն հայոց լեռնաշխարհի ամենագողտրիկ անկյան համար, այլեւ այն անդառնալի վնաս կպատճառի նաեւ Սեւանին, դրանով խաթարելով ողջ հանրապետության էկոլոգիական համակարգը եւ տնտեսությունը։ Հայաստանում զբոսաշրջությունը հայտարարվել է տնտեսության գերակա ուղղություն, մինչդեռ, ըստ բնապահպանների, այս հանքավայրի շահագործումը անդառնալի վնաս կհասցնի ճյուղին։

Ընդհանրապես, փոքր երկրների դեպքում, ինչպես նաեւ մեծ երկրների առանձին ռեգիոնների համար, հանքարդյունաբերություն-տուրիզմ հակադրությունը մշտապես գոյություն ունի։ Հանքերի շահագործումը անդառանալիորեն քայքայում է լանդշաֆտը, աղտոտում է շրջակա միջավայրը եւ այն դարձնում է ոչ միայն անհրապույր, այլեւ վտանգավոր։ Սակայն այլ երկրներում այս խնդիրների համադրման համար մշակված են համապատասխան մեթոդաբանություններ, եւ առաջին հերթին դա վերաբերվում է բնապահպանական ստանդարտների խստացմանը։

Հայտնի է, որ Հայաստանը համարվում է դրախտ հանքարդյունաբերության համար։ Դրա պատճառը ոչ միայն բնական հանածոներով երկրի հարուստ լինելն է, այլեւ բնապահպանական ստանդարտների հանդեպ արհամարահանքը, որ հատուկ էր նախորդ տարիների Հայաստանին։ Քանի որ հանքերի շահագործման ժամանակ սեփականատերերը բնապահպանական ստանդարտների պահպանման համար անհրաժեշտ ներդրումները չեն կատարում, ապա անգամ ոչ շատ հարուստ հանքերի եւ ցածր տեխնոլոգիական ոչ էֆեկտիվ, փնթի բիզնեսի դեպքում անգամ այս գործունեությունը բարձր շահութաբեր է դառնում։

Բնական է, որ նման դրվածքը Հայաստանում առաջացել է համատարած կոռուպցիայի հետեւանքով։ Այդ պատճառով եւ ստսնդարտներն են սահմանվել ավելի ցածր, եւ անգամ այդ ցածր ստանդարտները չեն պահպանվել։ Եթե կառավարության պրոբլեմը վերաբերվում է միջազգային դատարաններում տուգանքներից ու պատժամիջոցներից խուսափելուն, ապա այս հարցում կոռուպցիոն բացահայտումները կարող են լուրջ հիմք ստեղծել հանքագործների գործունեությունն արգելելու համար։

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի թիմն, իհարկե շատ լավ է տիրապետում հեղափոխության գործիքին՝ համաժողովրդական ընդվզմանը, սակայն տիրապետում դրա միայն հարձակողական հնարավորություններին, սակայն չգիտի ինչպես պաշտպանվել դրանից։ «Սասնա ծռերի» ազատումը բանտերից ցույց տվեց, որ նոր կառավարությունը ընկրկում է ցուցարարների առաջ եւ նախընտրում է ամբոխահաճ լուծումները իրավականից։

Տվյալ իրողությունը շատ լավ են հասկանում բնապահպանները, որոնք օգտագործում են իշխանությունների այս թուլությունը։ Եթե կառավարությունը գնար իրավական լուծման, ապա այս խնդիրը վաղուց լուծված կլիներ։ Սակայն մեր թավշյա հեղափոխությունը կիսատ մնաց, համաժողովրդական շարժումը, ինչ-որ պահից, բավարարված Փողոցի՝ արդեն իսկ ցուցաբերած հզորությամբ, որոշեց այլեւս բռնել սահմանադրական ճանապարհը։ Տեսնելով քաղաքական ընտրություն կատարելու հարցում իշխանությունների անվճռականությունը, Փողոցը՝ դեռեւս զինված իր հզորությամբ, ցանկանում է տարբեր տեղայնացումներով շարունակել իր հեղափոխությունը։

Աղասի Ենոքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել