Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահ, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը օրերս Հայաստանի քաղաքացիություն է ստացել: Երեկ ընդունելով նրան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության անձնագիրը:

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Փաշինյանը բարձր է գնահատել Ռոշբլուանի դերը հայ-ֆրանսիական կապերի ամրապնդման գործում և շնորհակալություն հայտնել երկար տարիների ընթացքում կատարած հայանպաստ գործունեության համար: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալը նոր խթան կհանդիսանա, որպեսզի ֆրանսիացի գործիչը է՛լ ավելի ամրապնդի կապերը Հայաստանի, հայ ժողովրդի հետ:

Ռոշբլուանը շեշտել է, որ լինելով հայ ժողովրդի բարեկամը՝ ՀՀ անձնագիր ստանալը մեծ նշանակություն ունի իր համար: Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահը տեղեկացրել է, որ սա իր 33-րդ այցն է Հայաստան, և վստահեցրել, որ շարունակելու է ակտիվ գործունեությունը՝ ի նպաստ հայ-ֆրանսիական կապերի հետագա զարգացման ու ամրապնդման:

Ֆրանսիացի գործիչը նշել է, որ հետևել է գարնանը Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին՝ հավելելով, որ հեղափոխության խաղաղ բնույթը ևս մեկ անգամ վկայում է ժողովրդավարարական արժեքներին հայ ժողովրդի հավատարմության մասին:

Ֆրանսուա Ռոշբլուանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է նորանոր հաջողություններ և տեղեկացրել, որ հուլիսի 19-ին պատրաստվում է այցելել Արցախ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել