Եթե Արարատյան դաշտում չնվազեցվի ստորերկրյա ջրային պաշարների օգտագործումը, ապա ավելի շատ հայ ընտանիքներ կարող են մնալ առանց ջրի։ Արդեն իսկ ձկնաբուծարանների և այլ խոշոր ջրօգտագործողների կողմից ջրի չվերահսկման պատճառով Արարատի և Արմավիրի մարզերում շուրջ 30 համայնքներ չունեն խմելու և ոռոգման ջրի հուսալի պաշարներ։ Այնուամենայնիվ, ԱՄՆ ՄԶԳ-ն և իր գործընկեր «Կոկա-կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունը աշխատում են հակազդել այդ միտմանը։

Հուլիսի 18-ին ԱՄՆ ՄԶԳ-ն և «Կոկա-կոլա Հելենիկ Արմենիա»-ն ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ շարունակելով հայ ժողովրդի հետ համագործակցությունը թանկարժեք ջրային ռեսուրսները պահպանելու ուղղությամբ։ Նոր համատեղ ծրագիրը կբարձրացնի հանրային իրազեկությունը Արարատյան դաշտի ջրերի խնայողական օգտագործման կարևորության և կայուն կառավարման վերաբերյալ։

Համաձայնագրում ամրագրված է, որ հաղորդակցման և հանրային իրազեկման ոլորտում «Կոկա-կոլա Հելենիկ Արմենիա»-ի փորձը կաջակցի ԱՄՆ ՄԶԳ-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում և կառավարում» ծրագրի աշխատանքներին։

Համագործակցությունը ներառում է հանրային իրազեկման միջոցառումներ և քարոզարշավներց 2018 և 2019 թվականներին՝ կրթելու երիտասարդներին և քաղաքացիներին տարածաշրջանի լուրջ մարտահրավերների, ինչպես նաև ջրային ռեսուրսների պատասխանատու և արդյունավետ կառավարման վերաբերյալ։

«Ջրային ռեսուրսների պահպանության խնդիրը կարևոր մարտահրավեր է Հայաստանի համար: Մենք շատ ուրախ ենք աշխատել «Կոկա-կոլա Հելենիկ Արմենիա» ընկերության հետ՝ բարձրացնելու հանրային իրազեկությունը ջրային ռեսուրսների պահպանման կարևորության, ինչպես նաև Արարատյան դաշտի սակավ ջրային պաշարների կառավարման գործում»,- ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մ. Միլսը, ով ականատես եղավ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:

ԱՄՆ ՄԶԳ-ի և «Կոկա-կոլա Հելենիկ Արմենիա» ընկերության միջև համագործակցությունը սկսվել է 2016 թ.՝ հետապնդելով Հայաստանում ջրային տնտեսության բարելավման ընդհանուր նպատակ։

2016 և 2017 թվականներին ԱՄՆ ՄԶԳ-ի և Կոկա-Կոլայի համատեղ ջանքերով վերականգնվեց Արարատի մարզի Հայանիստ գյուղի ոռոգման համակարգը, որը արտեզյան ջրերի խնայողական օգտագործմամբ համայնքի բնակիչների համար ոռոգումը դարձրեց առավել մատչելի: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառու դարձան 370 մարդ և հնարավոր դարձավ մշակել շուրջ մեկ տասնամյակ չմշակվող ավելի քան 40 հեկտար հողատարածք: Այս համագործակցությամբ ապահովվեց արտեզյան ջրերի մեկ միլիոն խորանարդ մետր տարեկան խնայողություն: Իսկ ձկնաբուծական տնտեսությունների վերամշակված ջրի օգտագործմամբ այն աջակցեց շուրջ 21 տոննա մրգերի, բանջարեղենի և ձավարեղենի արտադրությանը:

Այս հաջողությունների շնորհիվ ԱՄՆ ՄԶԳ-ն և «Կոկա-կոլա Հելենիկ Արմենիա» ընկերությունը որոշեցին ընդլայնել իրենց համագործակցությունը և այսօր ստորագրված Հուշագրի շնորհիվ ավելին կարվի:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքն ասաց. «Չկա կյանք առանց ջրի, և մենք հավատում ենք, որ յուրաքանչյուրի պարտքն է ձեռնարկել այս կենսական ռեսուրսի պաշտպանությանն ուղղված գործողություններ: Ուրախ ենք շարունակել մեր համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և նպաստել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ռեսուրսների պահպանմանն ուղղված գործողություններին: Աջակցելով ԱՄՆ ՄԶԳ-ի «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրին, մենք նպատակ ունենք փոխել համայնքի անդամների և հայ ժողովրդի վերաբերմունքը՝ բարձրացնելով ջրային և բնական ռեսուրսների ճգնաժամի վերաբերյալ իրազեկությունը և արդյունավետ օգտագործման կարևորությունը։ Մենք հավատում ենք, որ մեր համատեղ ջանքերով և համայնքի ներգրավվածությամբ մենք կարող ենք ապահովել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել