Tert.am-ը գրում է.

Ցանկացած դատավոր, եթե իր պարտականությունների մեջ թերանում է կամ իր լիազորություններն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում է թույլ տվել, առնվազն նրա նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել և ընդհուպ՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, լիազորությունները դադարեցվել: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդի վերջին մի քանի որոշումների վերաբերյալ դատավորների դժգոհություններին, ոլորտի խնդիրներին:

-Պարո՛ն Հարությունյան, մամուլում հրապարակումներ եղան Բարձրագույն դատական խորհրդի վերջին մի քանի որոշումների վերաբերյալ դատավորների դժգոհությունների մասին, ինչպե՞ս եք դրան վերաբերվում: 

-Պատասխանս կարող է Ձեզ քիչ շփոթեցնել, սակայն ես դա դրական եմ գնահատում և գտնում եմ, որ դատավորների նման ակտիվությունն արդեն իսկ վկայում է, որ նրանց անկախությունն իրողություն է դառնում:

Նախկինում դատավորների անկախության տարաբնույթ դրսևորումները հաճախ ավարտվում էին կարգապահական վարույթ­ներով:

Դրական է նաև այն, որ ուշադրություն է հրավիրվում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների վրա, որոնք մեր կողմից նույնպես քննարկման առարկա են և արդեն իսկ նախապատրաստվել են մի շարք առաջարկություններ դրանց փոփոխությունների վերաբերյալ:

Սակայն ինչպես ասում են, մեդալն ունի նաև երկրորդ երեսը: Կարծում եմ՝ դժգոհությունները զգալի չափով պայմանավորված են Դատական օրենսգրքով նախատեսված այն վերափոխումներով, որոնք այս 3-4 ամիսների ընթացքում իրականացվում են: Մասնավորապես, նախկինում դատարանների նախագահների նշանակումներն իրականացվում էին, այսպես կոչված, նախապես «համաձայնեցված» մեկ թեկնածու առաջադրելով: Ներ­կայումս պատկերն արմատապես փոխվել է: Վերջին երեք ամսում Բարձրագույն դատա­կան խորհրդում տարբեր նշանակումների համար որպես թեկնածու քննարկվել և քվեարկվել է շուրջ 300 անձ: Նրանցից ընտրության կամ նշանակման են առաջադրվել 30-ից պակաս հավակ­նորդներ: 270 դեպքերում քվեարկության մասնակիցները, ովքեր Բարձրագույն դատական խորհրդի 6 և ավելի անդամների ձայները չեն ստացել, գուցե նաև այս կամ այն չափով անբավարա­րության զգացողություն են ունեցել: Ես նրանց նույնպես փորձում եմ հասկանալ, սակայն բարեփոխված ընտրակարգը Սահմանադրության 215-րդ և Դատական օրենսգրքի 166-րդ հոդվածի 29-րդ մասի պահանջների իրացումով է պայմանավորված, և այդ ահռելի ծավալի աշխա­տանքները պետք է կատարվեին շատ սեղմ ժամկետներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել