Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը վերահաստատում է իր երկրի ստանձնած պարտավորությունները՝ չմատակարարել զենք, զինամթերք, որը, ենթադրաբար, կարող է օգտագործվել Արցախի դեմ պատերազմ սկսելու համար: Դեսպան Լաքոտն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Երբ իմացանք ադրբեջանական մամուլում տարածված կեղծ շշուկների մասին, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, անմիջապես հերքում տարածեցինք: Դա մեկ անգամ ևս հնարավորություն տվեց հաստատելու մեր դիրքորոշումը: Ֆրանսիան բծախնդրորեն հարգում է միջազգային դրույթներից բխող իր ստանձնած պարտավորությունները՝ զերծ մնալ և չմատակարարել ո՛չ զենք, ո՛չ զինամթերք, որոնք կարող են օգտագործվել պատերազմ սկսելուն, այս պարագայում՝ Արցախում»,-ասաց Լաքոտը:

Դեսպանը նշեց՝ ֆրանսիական իշխանությունները դրականորեն են ընդունում հայաստանյան իշխանությունների ցանկացած արձագանք՝ հիմնված Արցախի հակամարտությունը միայն խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքի վրա:

«Ես գիտակցում եմ, թե որքան ծանր է հայաստանյան հասարակության և մանավանդ այն ընտանիքների համար, որոնց զավակները զորակոչվել և ծառայում են բանակում»,- նշեց Լաքոտը:

Դեսպանը նշեց՝ բանակցային գործընթացում ցանկալի էր հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ: Լաքոտի խոսքով՝ Ֆրանսիան այս ձևաչափով հանդիպումների ժամանակ ևս պաշտպանում է դիրքորոշումը` հակամարտությունը չի կարող լուծվել ուժի կիրառմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել