Առաջին օծանելիքները ներառել են մուշկի, սանդալի, վարդի բույրեր: Ծանր, արևային օրերին «խեղդող» ու զգայուն հոտերn իդեալական էին համարվում երեկոյան: Իսկ ե՞րբ է այս հրաշալի գյուտն արվել: Ո՞վ է մտածել որ մարդիկ, հագուստը հագնելուց առաջ կարող են օծել իրենց հաճելի բույրերով:

Օծանելիքը մեկ նախադասությամբ կարելի է նկարագրել հետևյալ կերպ. «Անուշաբույր նյութ, բուրավետ նյութերի համակցում՝ լուծված սպիրտում»: Կամ էլ այսպես՝ «Օծանելիքը մարմնի երաժշտությունն է»: Երկու տարբերակներն էլ համապատասխանում են իրականությանը: Բույրի երաժշտությունը, դրա անտեսանելի ազդեցությունը տարածվում են սենյակում դեռ նրա «տիրոջ» հայտնվելուց առաջ ու շարունակում են մնալ օդում, երբ «տերն» այլևս սենյակում չի լինում: Օծանելիքը մարդկության կողմից արված ամենահրաշալի ու հանելուկային հայտնագործություններից մեկն է:

Զարմանալի է, սակայն գյուտարարի անունը պատմության մեջ չի պահպանվել: Դարերի մեջ դաջվել է միայն օծանելիքի առաջին պատրաստողի անունը: Եվ այդ անունը պատկանում է կին քիմիկոսի՝ Տայապուտիին, և արձանագրված է սեպագիր կավե աղյուսակի վրա՝ գտնված Միջագետքում: Աղյուսակի ստեղծման տարեթիվը մ.թ.ա. 2-րդ դարն է:

Պիրգոսում, որը գտնվում է Կիպրոսում, հնէաբանները հայտնաբերել են այն ամենը, ինչ մնացել է բուրավետ միջոցներ պատրաստելու համար նախատեսված առաջին արհեստանոցից: Այդ արհեստանոցը 4 քկմ-ին համարժեք տարածք է զբաղեցրել:

Տարատեսակ խողովակները, ձագարները, պարզագույն տարանջատիչներն ու օծանելիքների անոթները համարվում են հնէաբանների անգին գտածոները: Հենց դրանք են գիտնականներին պատկերացումներ տվել այն մասին, թե ինչպես և ինչից են պատրաստվել առաջին օծանելիքները: Որպես «բաղադրատարրեր» օգտագործվել են բույսերի տարբեր մասեր, ծաղիկներ, համեմունքներ ու խեժ, իսկ որպես հիմք էր ծառայում ձիթապտղի յուղը, որն առատ էր տեղանքում:

Իհարկե, սա առաջին արհեստանոցն էր, որտեղ օծանելիքը պատրաստվել է արդյունաբերական մասշտաբներով: Սակայն օծանելիքի հայրենիք ընդունված է համարելը Եգիպտոսը՝ փարավոնների երկիրը: Եգիպտական օծանելիքը հայտնի էր ողջ Միջերկրածովյան տարածքում: Պլինիոս Ավագը, ով հին հռոմեացի գրող ու գիտնական էր, օծանելիքը նկարագրել է որպես նյութ, որը չի կորցնում իր բույրն անգամ ստեղծումից 8 տարի անց:

Ժամանակակից օծանելիքի առաջին նախատիպը ստեղծվել է 1370 թ. և հայտնի է դարձել «հունգարական ջուր» անվանմամբ: Թունդ ալկոհոլի հետ խառնված բուրավետ յուղերը ստեղծվում էին հունգարական թագուհի Էլիզաբեթի համար:

Այսօր օծանելիքագործության արվեստը, որը մեզ է հասել հազարավոր տարիներից, խորհրդավոր եգիպտական թագուհիներից ու Վեներայի կղզու գեղեցիկ կանանցից, շարունակում է կատարելագործվել․ չէ՞ որ օծանելիքը տեղով գեղեցկություն է, գերող ու կախարդական գաղտնիք՝ փոքրիկ անոթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել