Armsport.am-ը գրում է.

ԱԱ-2018-ում այսօր հայտնի կդառնա եզրափակչի երկրորդ մասնակիցը: Ֆրանսիայի հավաքականը կմրցի կա՛մ Խորվաթիայի, կա՛մ Անգլիայի հետ:

Հանդիպումը կկայանա «Լուժնիկի» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:

Խորվաթիա

Խորվաթիայի ընտրանին Ռուսաստան էր եկել Մունդիալի թաքնված ֆավորիտի կարգավիճակով:

Ինչպես Բելգիայի ընտրանին, խորվաթները նույնպես իրենց «ոսկե սերունդով» են ներկայացել աշխարհի առաջնությանը ու հիանալի հնարավորություն ունեն պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ եզրափակիչ:

Մոդրիչ, Ռակիտիչ, Մանջուկիչ... այս ֆուտբոլիստները երկրորդ նման հնարավորություն չեն ունենա ու այսօր պետք է կառչեն խաղադաշտում ամեն մի հնարավորությունից: Դալիչի ֆուտբոլիստներն այս խաղին մոտենում են ֆիզիկական բավականին ծանր վիճակում: Թե՛ 1/8 եզրափակչում, թե՛ քառորդ եզրափակչում նրանք դաշտում անցկացրել են 120 րոպե ու հասկանալի է, որ ֆիզիկապես այսօր զիջելու են Անգլիային:

Անգլիա

«its coming home», ահա այսպես են Անգլիայում սպասում բաղձալի գավաթին: Միայն մեկ անգամ՝ 1966 թվականին, ֆուտբոլի հայրենիքոմ կարողացան նվաճել աշխարհի առաջնության տիտղոսը: Մինչև այս նրանք ամեն մրցաշարին ներկայացել են ուժեղագույն կազմով:

Լեմպարդ, Ջերարդ, Օուեն ու մի շարք այլ հայտնի աստղեր ամեն անգամ գնացել են Մունդիալին ու ձախողված հետ վերադարձել: Այս անգամ անգլիացիներին առաջնորդում են «Տոտենհեմի» առաջատարները՝ Ալին ու Քեյնը: Բավականին երիտասարդ կազմով ներկայացած Անգլիան հասել է կիսաեզրափակիչ, ինչը վատ արդյունք չէ Սաութգեյտի թիմի համար: Ինչո՞ւ չանել ավելին ու վերջապես դուրս գալ եզրափակիչ և տուն վերդարձնել աշխարհի գավաթը:

Ճանապարհ դեպի կիսաեզրափակիչ

Խորվաթիա

Խմբային փուլը Մոդրիչն ու թիմակիցները փայլուն անցկացրին: Բոլորի հիշողություններում թարմ է Արգենտինայի նկատմամբ ջախջախիչ հաղթանակը, ինչից հետո շատերը սկսեցին խորվաթներին տալ ֆավորիտի կարգավիճակ:

Երեք խաղ և երեք հաղթանակ ու 1/8 եզրափակչում նրանց սպասում էր Դանիայի հավաքականը: Հիմնական ժամանակում հաղթողը չորոշվեց և գործը հասավ 11 մետրանոցների, որտեղ Խորվաթիան ավելի ամուր նյարդեր ցուցաբերեց ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Այստեղ նրանց սպասում էր Չերչեսովի Ռուսաստանը, որի հետ նույնպես դրամատիկ խաղ ստացվեց ու հաղթողը կրկին պարզ դարձավ 11 մետրանոցների շնորհիվ: Այս խաղում էլ, ինչպես Դանիայի հետ, հաղթական 11 մետրանոցն իրացրեց Ռակիտիչը ու իր թիմին դուրս բերեց կիսաեզրափակիչ:

Անգլիա

Անգլիայի հավաքականին բավականին հեշտ խումբ էր բաժին հասել: Պանամայի ու Թունիսի հավաքականներին հեշտությամբ հաղթելուց հետո առաջին տեղի համար նրանք մրցեցին Բելգիայի հետ ու, պարտություն կրելով, խմբում զբաղեցրին երկրորդ տեղը:

Չնայած երկրորդ հորիզոնականը լինելուն, Անգլիան համեմատաբար հեշտ մրցակիցներ ունեցավ փլեյ-օֆում: 1/8 եզրափակչում նրանց սպասում էր Կոլումբիայի հավաքականը, որն անգլիացիների հետ կռիվ տվեց մինչև վերջ: Մինան խաղի վերջում գրավեց Փիկֆորդի դարպասը ու խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:Այստեղ էլ հաղթողը որոշվեց 11 մետրանոցներով, որտեղ Անգլիան պատմության մեջ առաջին անգամ հաղթեց 11 մետրանոց հարվածաշարում ու գնաց Շվեդիայի հետ հանդիպման:

Շվեդների հետ խաղը վստահ անցկացրին Սաութգեյտի ֆուտբոլիստները: 2:0 հաշվով հաղթանակ և ինչ-որ տեղ ուժեր խնայելով նրանք դուրս եկան կիսաեզրափակիչ:

Հավանական մեկնարկային կազմեր

Խորվաթիա - Սուբաշիչ, Լովրեն, Վիդա, Չորլուկա, Ստրինիչ, Ռակիտիչ, Մոդրիչ, Բրոզովիչ, Մանջուկիչ, Ռեբիչ, Պերիշիչ:

Անգլիա -  Փիկֆորդ, Ուոքեր, Սթոունզ, Մագուայեր, Տրիպյե, Յանգ, Ալի, Դայեր, Լինգարդ, Ստերլինգ, Քեյն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել