ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը տեղեկացրել է ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին Նախիջևանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ստեղծվող իրավիճակի մասին: Այդ մասին ասված է կազմակերպության մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրությունում:

Հուլիսի 10-ին ՀԱՊԿ-ի քարտուղարությունում ղազախական կողմի նախագահությամբ կայացել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալները:

«ՀԱՊԿ-ի ձևաչափով նախատեսված կազմակերպության անդամ պետությունների անվտանգությանն անմիջականորեն վերաբերող տեղեկությունների փոխանակման շրջանակում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը տեղեկացրել է ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին Նախիջևանի կողմից հայ-ադրեբեջանական սահմանի հատվածում իրավիճակի մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 11-ին Ալմաթիում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է իր գործընկերներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Նախիջևանի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների վերատեղակայման ինտենսիվացման, դրանց առաջխաղացման և ինժեներական աշխատանքների անցկացման մասին: Այս մասին տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Խաչատուրովի խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում ընթացիկ զարգացումների դինամիկային, որը չպետք է հանգեցնի իրավիճակի սրման նոր փուլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել