Yerkir.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներից հետո Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, նշեց, որ կան բավականին շատ հարցեր, որոնք բարձրացվել են 4 նիստերի ընթացքում և դրանց տրվել են պատասխաններ: «Թե որքանով են դրանք բավարարել քաղաքական ուժերին, դա նրանց գործն է, իսկ մեր մասով մենք խնդիր չունենք, քանի որ «Ելք»-ի առաջարկները ներկայացրել ենք»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի` 1 նիստ աշխատանքային և 4 նիստ բովանդակային անելուց հետո եկան այն եզրակացության, որ անհրաժեշտ է, որ կառավարության և ԱԺ հանձնաժողովների միջև ծավալվեն քննարկումներ: «Ես կապ հաստատեցի կառավարության հետ, և պարոն Իոաննիսյանը պատասխանեց պատգամավորների հարցերին»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ պարզ է, որ երկու հանձնաժողովները պետք է միասին աշխատեն, և դա այսօրվանից էր: «Կաշխատենք այնպես անել, որ մյուս նիստերին առաջին փոխվարչապետը մասնակցի, և քաղաքական հարցերի պատասխաններ ևս արդեն տրվեն»,- ասաց նա:  

Հարցին` «Ելք»-ը հակված է միասնակա՞ն նախագծի, թե՞ երկու` տարբեր, Մարուքյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ ճիշտ կլինի, եթե լինի միասնական նախագիծ, կոնսենսուսի արդյունք և խորհրդարանում շատ հանգիստ քննարկման առարկա դառնա ու ընդունվի»:

Պատգամավորը նշեց, որ անկախ հանձնաժողովների նիստերում տեղի ունեցող քննարկումներից հետո Ընտրական օրենսգրքի վերջնական տարբերակը հաստատվելու է Ազգային ժողովում, և այս մասով դեռևս վերջնական ճշմարտություն  ասված չէ։  

Մարուքյանն անդրադարձավ նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին: «Բազմաթիվ տեղերում բազմաթիվ մարդիկ հրաժարականներ են տալիս, և Տարոն Մարգարյանը, կարծում եմ, այդ տրամաբանության մեջ է հրաժարական տվել»,- ասաց նա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել