ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ տնօրենների խորհրդի անդամ Կասիմ Սյուրկանիի գլխավորությամբ, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության և Վանաձոր-Ալավերդի (Մ-6) միջպետական մայրուղու հիմնանորոգման աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։

Նախարարն ընդգծել է, որ երկու ծրագրերն էլ շատ կարևոր նշանակություն ունեն մեր երկրի համար, և նախարարության կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն իրականացվեն որակապես բարձր մակարդակով և նախանշված ժամկետների շրջանակներում։

Անդրադարձ է եղել «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության ընթացքին։ Նշվել է, որ աշխատանքներն արագացնելու նպատակով կատարվել է տեխնիկայի համալրում, որն էլ աշխատանքներում զգալի առաջընթաց կգրանցի:

Ներկայացվել են նաև Տրանշ 4-ի նախապատրաստական աշխատանքների որոշ մանրամասներ։

Կասիմ Սյուրկանին նշել է, որ նախարարության և ԱԶԲ-ի միջև երկարամյա, ընդգրկուն և արդյունավետ աշխատանքային գործունեություն է հաստատվել: Նա ընդգծել է, որ ցանկություն ունեն առաջիկայում այն ավելի խորացնելու և քննարկելու համագործակցության նոր ուղղությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել