Լրատվական աղմուկի և օրվա PR-ի մեջ հասարակության ուշադրությունից վրիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 2-ի որոշումը 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով
միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը:

Ասենք, որ այս որոշումը և՛ սպասված էր, և՛ ուշացած: Խնդրի կարևորության մասին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցն ուղղել եմ դեռ մայիսի 23-ին:

Նշված համաձայնագիրն անցումային կարգավորումներով ուժի մեջ է մտել հունիսի 1-ից, և մեկուկես ամիս անց նրանով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը վերջապես ձևավորվեց: Փոխվարչապետերից հանձնաժողովի ղեկավար է նշանակվել Մհեր Գրիգորյանը:

Կարևորում եմ այս որոշումը թե՛ գործնական, այն է՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը թղթերի տրցակից գործողությունների վերածելու, թե՛ քաղաքական՝ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցի նախաշեմին, տեսակետներից:

Ծանոթանալով հանձնաժողովի կազմին՝ զարմացա, որ, ի տարբերություն նախորդ նման հանձնաժողովի, որը ղեկավարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, և որի կազմում Ազգային ժողովից ներկայացված էի ես՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, այս անգամ խորհրդարանից որևէ մեկը ներգրավված չէ այս աշխատանքներում:

Ավելորդ չէ հիշեցնել, թե ինչպիսին է խորհրդարանի առաքելությունն այս համաձայնագրի արդյունավետ իրագործման մեջ՝
1. Ակնկալվող բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների քննարկում և ընդունում,
2. Խորհրդարանական վերահսկողություն,
3. ԵՄ-Հայաստան խորհրդարանական Գործընկերության հանձնաժողովի ստեղծում, 
4. Համաձայնագրի լիարժեք և արագ վավերացում և՛ ազգային, և՛ եվրոպական մակարդակներում,
5. Հանրային իրազեկում,
6. Հասարակության ներգրավում։

Հուսամ՝ ստեղծված վիճակը ոչ թե քաղաքական որոշման, այլ նախագիծը մշակող մարդկանց անփորձության և անուշադրության հետևանք է: Եթե այդպես է, ապա այն շտկելի է, եթե ոչ, ապա որդեգրված գործելաոճը միայն խաթարելու է արտաքին դաշտում միասնական գործելու կարևորությունը և ջլատելու է ներպետական ներուժն արտաքին քաղաքականության ասպարեզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել