Մասնագիտական և քաղաքական շրջանակները քննարկում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախապատրաստվող այցը Բրյուսել` NATO-ի գագաթնաժողովի շրջանակներում Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը նվիրված միջոցառմանը մասնակցելու համար:

Հայաստան-NATO փոխգործակցությունն ունի երկար և հաջողված պատմություն: Այն երբեք չի իրականացվել Ռուսաստանի Դաշնության հանդեպ և ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր ունեցած դաշնակցային պարտավորությունների հաշվին: Սակայն հիշենք, որ NATO-ն ոչ միայն հավաքական Արևմուտքն է՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, այլև Թուրքիան, որը տարբեր խողովակներով մշտապես խոչընդոտել է Հայաստանի վերաբերող խնդիրների քննարկմանն ու լուծմանը:

Ասածս վերաբերում է նաև NATO գագաթնաժողովներում Հայաստանի մասնակցության հարցին: Մշտապես ստանալով մասնակլցության հրավեր՝ մենք հազվադեպ ենք այն ընդունել՝ հաշվի առնելով գագաթնաժողովների ավարտին ընդունվող հռչակագրերում տարածաշրջանային կոնֆլիկտների նկատմամբ այդ կառույցի որդեգրած մոտեցումը, որը չի տարբերակում սառեցված հակամարտությունները և, որպես կանոն, գերակայություն է տալիս տարածքային ամբողջականությանը: Ակնհայտ է, որ ԼՂ հակամարտությունն արմատապես տարբերվում է մնացած բոլոր հակամարտություններից, և մեզ համար ընդունելի չէ այդ հարցի աշխարհաքաղաքական շահարկումը և տարածքային ամբողջականության իմպերատիվը NATO-ի մոտեցումներում:

Դիտարկելով այս ամենը՝ կարծում եմ, որ պետք է տարբերակել գալիք գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հարցը և Բրյուսել այցելելու և ԵՄ-ի հետ իշխանափոխությունից հետո հարաբերությունները քննարկելու կարևորությունը:

Եթե NATO-ի վերջնական փաստաթղթում տեղ գտնեն շատ կտրուկ ձևակերպումներ մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ, ապա կառաջարկեմ չմասնակցել գագաթնաժողովին, իսկ ԵՄ-ի հետ նոր կառավարության անմիջական շփումը կազմակերպել մեկ այլ ժամանակահատվածում և առիթով՝ չհամադրելով NATO-ի միջոցառումը և Հայաստան-ԵՄ օրակարգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել