Tert.am-ը գրում է.

Հայաստանի հետ հարաբերությունները միշտ մեծ հետաքրքրություն է ներկայացրել Միացյալ Նահանգների, ԱՄՆ-ի ղեկավարության համար: «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից. 

- Արդյոք այս նոր Հայաստանը, Հայաստանը որ խոստանում է զարգացնել ժողովրդավարությունը, ավելի մեծ հետաքրքրություն կներկայացնի Միացյալ Նահանգների համար: Բանն այն է, որ այստեղ Վաշինգտոնում որոշ փորձագետներ մինչ ապրիլյան իշխանափոխությունը նշում էին, որ Վաշինգտոնի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ սառում է:

- Կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանի հետ հարաբերությունները միշտ մեծ հետաքրքրություն է ներկայացրել Միացյալ Նահանգների, ԱՄՆ-ի ղեկավարության համար: Դա կարևոր հարաբերություններ են և միշտ եղել են այդպիսիք: Մենք ակնկալում ենք համագործակցել նոր կառավարության հետ:

Դրա առաջնահերթությունները կարծում եմ կարևոր են. տնտեսությունն ավելի արդար դարձնել բոլորի համար, բարելավել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, վերջ դնել կոռուպցիայի խնդրին:

Սրանք առաջնահերթություններ են, որոնք մենք նույնպես կցանկանայինք իրագործված տեսնել, և դեսպանությունը, ԱՄՆ-ի կառավարությունն ակնկալում են աշխատել նոր կառավարության հետ՝ որպեսզի օգնենք նոր կառավարությանն իրագործել նպատակները: Դա բավականին բարդ է լինելու: Համոզված եմ, հայերն այնքան իմաստուն են, որ սա գիտակցում են: Փողոց դուրս գալը, խաղաղ բողոքելը՝ դրանք հսկայական մարտահրավերներ էին Հայաստանի քաղաքացիների համար, որոնք նրանք ընդունեցին և հաջողությամբ հաղթահարեցին: Խնդրի բարդ կողմն է այդ արժեքներն իրական գործողությունների վերածելն է:

Այստեղ մենք ցանկանում ենք այնքան մեծ աջակցություն ցուցաբերել, որքան կարող ենք, այնպես որ սերտ աշխատելու ենք կառավարության հետ: Կարծում եմ հիմնական ոլորտը, որտեղ մենք կարող ենք աջակցություն ցուցաբերել և որում մեծապես հետաքրքրված են թե՛ Հայաստանի իշխանությունները և թե՛ ԱՄՆ-ում բնակվող Սփյուռքը, մեր երկու երկրների միջև առևտրի և ներդրումների խրախուսումն է: Դա դեսպանությանը իմ առաջնահերթություն էր նախորդ երեք տարիների ընթացքում, նույնիսկ մինչև վերջին իրադարձությունները, և մենք որոշակի հաջողություններ ենք գրանցել: Վերջին 3 տարիների ընթացքում գրանցվել է 600 միլիոն դոլարի ամերիկյան նոր ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ:

Նախորդ տարի մեր երկրների միջև առևտուրը վերջապես բարձրացավ 2008-ի մակարդակից ավելի՝ մենք գրանցեցինք 42 տոկոսի աճ նախորդ տարի: Այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում ևս 30 տոկոսի աճ է գրանցվել: Կարծում եմ, եթե կառավարությանը հաջողվի առաջընթաց գրանցել կոռուպցիայի հաղթահարման հարցում, դատական իշխանության անկախության ապահովման հարցում, ապա առևտրի ծավալներն էլ ավելի կաճեն, որովհետև վերջին 3 տարիների ընթացքում որպես դեսպան ես բազմիցս եմ լսել թե ամերիկյան գործարարներից և թե հենց Հայաստանի ձեռնարկատերերից, որ առևտրի, գործարարության հիմնական խոչընդոտն էր այն զգացմունքը, որ Հայաստանում չկան հավասար խաղի կանոններ և որ համակարգը ոմանց նկատմամբ մյուսներից ավելի բարենպաստ էր: Այնպես որ, եթե կառավարությունը կարողանա դա հաղթահարել, կարծում եմ, իրական հնարավորություն կա, իրական ապագա ԱՄՆ-ի կողմից խոշոր առևտրի և ներդրումների, որն իմ կարծիքով մեծագույն աջակցությունն է, որ մենք կարող ենք տրամադրել Հայաստանին:

- Որպես դեսպան, ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի կառավարության քայլերը կոռուպցիայի դեմ պայքարում:

- Առաջին հերթին այդ մասին պետք է դատեն Հայաստանի քաղաքացիները, նրանք պետք է որոշեն, թե որքան ճիշտ է կառավարությունը կարգավորում խնդիրները: Իմ կողմից կասեմ, որ իմ կարծիքով կառավարության հաղորդագրությունը, որ սա նոր էջ է, շատ ուժեղ էր և շատ արդյունավետ: Նրանք մեզ ազդանշան են տվել, որ ցանկանում են նոր հայացք գցել կոռուպցիայի դեպքերի վրա, սակայն, իմ կարծիքով ավելի կարևոր է ամրապնդել նոր կառույցներ, նոր օրենքներ, որոնք կապահովեն համակարգի արդարությունը, կապահովեն, որ կոռուպցիայի խնդիրը կարող է հաղթահարվել համակարգային ձևով: Դա իրոք շատ կարևոր է: Մենք ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման Գործակալության և մի շարք այլ ծրագրերի միջոցով քննարկում ենք, թե ինչպես կարող ենք ավելի մեծ աջակցություն տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարում, այս հաստատությունների կառուցման գործում, որպեսզի կոռուպցիան երկարաժամկետ բացառվի: Մենք ակտիվ քննարկումներ ենք անցկացնում կառավարության հետ այս հարցերի շուրջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել