Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ անցկացվել է պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի բարձրագույն խորհրդի այս տարվա առաջին նիստը, տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Պետական նախարարը իր խոսքում նախ անդրադարձել է պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմման ընթացիկ աշխատանքների և ծրագրային բյուջետավորմանն անցնելու կարևորությանը՝ նշելով, որ դրա հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ այն նպաստելու է պետական ֆինանսական միջոցների հաշվին կատարվող բյուջետային հատկացումների արդյունավետ վերաբաշխմանը՝ ըստ գերակա ուղղությունների և բարձրացնելու է բյուջետային ծրագրերի գնահատման համակարգի արդյունավետությունը՝ մեծացնելով պետական ֆինանսների կառավարման թափանցիկության աստիճանը: Այս համատեքստում պետնախարար Մարտիրոսյանը նախարարներին առաջարկել է վերանայել 2019 թ.-ի պետական բյուջեի նախագծի շրջանակում առաջարկվող ծրագրերը, և դրանք ներկայացնել 2019-22 թթ. ընդգրկող եռամյա կտրվածքով: Գ. Մարտիրոսյանը նշել է նաև, որ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման ընթացքում անհրաժեշտ է ակտիվացնել Խորհրդարանի հետ համագործակցությունը:

«Յուրաքանչյուր տարվա բյուջեի նախագծի մշակման համար պետք է ծրագրային հենք հանդիսանա պետական միջնաժամկետ ծախսային ծրագիրը: Դա չի նշանակում, որ ներկայացված նախագծերը հետագայում ճշգրտելու հնարավորություն չեն ունենա, բայց ընդհանուր քաղաքականության մեջ այն հստակություն կմտցնի, որտեղ տեսանելի կլինեն թե՛ ծախսային հիմնավորումները, թե՛ զարգացման միտումները »,- նշել է Գ. Մարտիրոսյանը։

Նիստի մասնակիցները կարևորել են միջնաժամկետ ծախսային ծրագրի անհրաժեշտությունը, և առաջարկներ են հնչել 2019թ.-ի պետական բյուջեում ծրագրային բյուջետավորման ձևաչափով որոշ փորձնական ծրագրերի ներդրման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել