Մենք ժամանակակից աշխարհը չենք կարողանում պատկերացնել առանց տեխնոլոգիաների, քանի որ մարդիկ դրանցից, կարելի է ասել, կախվածություն են ձեռք բերել: Սակայն մեր օրերում գոյություն ունեն այնպիսի մարդիկ ու անգամ ցեղեր, որոնք հեռու են ամեն տեսակ տեխնոլոգիաներից ու ապրում են հանդարտ կյանքով: Ձեզ ենք ներկայացնում այդ ազգերից մի քանիսին:

Յանոմամոների ցեղ

Վենեսուելայի ու Բրազիլիայի սահմանների հատման վայրում բնակություն հաստատող այս ցեղը շարունակում է ապրել այնպես, ինչպես մենք ապրում էին դարեր առաջ: Բրազիլական կողմում բնակվում է 23 հազար մարդ, իսկ վենեսուելական կողմում՝ 16 հազար: Այս ցեղի անդամները ցանկություն չունեն կապ պահպանելու արտաքին աշխարհի հետ, քանի որ վախենում են, որ իրենց դարավոր խաղաղ կենսակերպին դա կարող է խանգարել ու վնաս հասցնել: Սակայն միաժամանակ կան այնպիսի մարդիկ, որոնք զբաղվում են մետաղաձուլությամբ ու կարուձևով: Յանոմամոների գլխավոր զբաղմունքները հեքիմությունն ու ձկնորսությունն են: Հետաքրքիրն այն է, որ այս ցեղի ներկայացուցիչները ձուկ բռնում են իրենց կողմից պատրաստված բուսական հատուկ թույների միջոցով:

Նոմոլեների ցեղ

Այս ցեղի ներկայացուցիչներն իրենք իրենց կոչում են «նոմոլեներ», քանի որ բառացի այդ արտահայտությունը նշանակում է «քույրեր ու եղբայրներ»: Թվով նրանք հասնում են 800-ի և ապրում են Պերուի արևադարձային բուսածածկ անտառներում: Նոմոլեները ևս չէին ցանկանում առնչվել արտաքին աշխարհի հետ, սակայն 2015-ից ի վեր նրանք զգուշորեն փորձեցին ազատվել մեկուսացումից ու հարաբերվել այլ ժողովուրդների հետ: Այս ցեղի ներկայացուցիչները հետաքրքիր առանձնահակություն ունեն. նրանք չեն տարբերակում բարին ու չարը, լավն ու վատը: Եթե որևէ մեկի մտքով անցնում է ինչ-որ բան ստանալ, ապա առանց երկմտանքի նա սպանում է դիմացինին, որպեսզի ստանա իր ցանկացածը:

 

Յարավաների ցեղ

Յարավաների ցեղը բավականին հին է․ գիտնականների ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ դրա տարիքը հասնում է 55 հազարի: Դրա ներկայացուցիչներն այսօր ապրում են Անդամանյան կղզիներում, որոնք գտնվում են Հնդկական օվկիանոսում: Այստեղ գաղթել են Աֆրիկայից, իսկ 1990-ականներին Հնդկաստանի կառավարությունը նրանց առաջարկել է բնակություն հաստատել ավելի հարմար կենսապայմաններում, սակայն ներկայացուցիչները հրաժարվել են: Այսօր Յարավաները 400 մարդ են կազմում, ապրում ու տեղաշարժվում են 50 հոգուց բաղկացած խմբերով: Նրանց հիմնական զբաղմունքը որսորդությունն է նետ ու աղեղով, ձկնորսությունը, բերքեր աճեցնելն ու մեղվաբուծությամբ զբաղվելը:

Քավահիվաների ցեղ

Քավահիվաները քոչվոր ցեղ են, որոնք ամեն կերպ աշխատում են մեկուսանալ մարդկանցից: Պատճառն այն է, որ այս ցեղի անդամներից շատերը մահացել են մարդկային քաղաքակրթության հետ շփման արդյունքում՝ տարբեր հիվանդություններով, մասնավորապես՝ կարմրուկով վարակվելով: Հենց այս դեպքերից հետո էլ նրանք սկսեցին հեռու մնալ մարդկանցից: Քավահիվաների հիմնական զբաղմունքը որսորդությունը, ձկնորսությունը, հողագործությունն են: Այսօր այս ցեղի ներկայացուցիչներն ընդամենը 40-50-ն են:

Տագահերիների, Հույաորանիների և Տարոմենանեների ցեղեր

Այս երեք ցեղերը միասին բնակություն են հաստատել Էկվադորում: Հույաորանիների բնակության վայրը հարուստ է սև ոսկով՝ նավթով, որի հետևանքով էլ 1950-ականներին նրանք ստիպված եղան տեղափոխվել այլ բնակավայր: Տագահերիներն ու Տարոմենանեները 1970-ականներին առանձնացան առաջիններից ու բնակությւոն հաստատեցին արևադարձային անտառներում՝ կրկին մեկուսանալով: Ոչ միայն նրանք են աշխատում հարաբերություններ չհաստատել այլ մարդկանց հետ, այլ նաև վերջիններս չեն փորձում հարաբերվել այս ցեղերի ներկայացուցիչների հետ, քանի որ նրանք բավականին քինախնդիր ու վրիժառու են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել