Armenpress.am-ը գրում է.

ՀՀ  ՌԴ  նորնաշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հուլիսի 5-ին ճանաչողական այցով Գյումրիում էր: Այցի շրջանակներում դեսպանը  եղավը  Գյումրիում տեղակայված  ՌԴ հյուպատոսարանում, ծանոթացավ հյուպատոսարանի աշխատանքին, եղավ նաև Ռուսական գիտության ու մշակույթի  կենտրոնում, 102-րդ ռազմաբազայում և  սահմանապահ  ջոկատում:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեսպանը հանդիպեց նաև  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: «Իմ  պարտքն էր այցելել  Գյումրի, այստեղ տեղում ծանոթանալ այն բոլոր կառույցների գործունեությանը, որոնք անչափ  կարևոր  են մեր  համար: Սա  իմ առաջին այցն է, բայց վերջինը չի լինի, հատկապես հաշվի առնելով պատմական շատ իրադարձություններ այս  քաղաքի  հետ կապված: Այս այցի ընթացքում ծրագրել եմ լինել այն բոլոր կառույցներում, որոնց գործունեությունը մեծ նշանակություն ունի մեր  երկու երկների հումանիտար համագործակցության համար»,-Սամվել Բալասանյանի հետ  հանդիպման ժամանակ նշեց նորանշանակ դեսպանը:

 Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը  շնորհակալություն հայտնելով փաստեց՝ ռուսական կողմի  հետ  հարաբերությունները միշտ էլ լավ են եղել, սակայն սա չի  նշանակում , որ  չկան հարցեր, որոնք  լուծում են  պահանջում:  Հարցերից Սամվել Բալասանյանն առանձնացրեց  Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքից մինչև  102-րդ ռազմաբազ տանող մոտ 10 կմ  ճանապարհի վերանորոգման խնդիրը: Խնդիրը   տարիներ առաջ  բարձրացվել է, սակայն  մինչ այսօր լուծում չի ստացել, խոսքը վերաբերում է բազայի  ծանր զինտեխնիկայի պատճառով վնասված ճանապարհին: «Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովին հարցը ներկայացվել է, նույնիսկ արդեն կար  նախահաշիվ կազմած, սակայն դեռ սպասում ենք  պատասխանին, հուսանք, ձեր շնորհիվ հարցը լուծում կստանա»,-նշեց Սամվել Բալասանյանը՝  հավելելով, որ խնդիր կա նաև  Գյումրիում 8-րդ  ռուսական թաղամասի հետ կապված: Թաղամասը, որը մինչ այս գտնվում է  102-րդ  ռազմաբազայի հաշվեկշռում, առաջարկ է եղել  հանձնել   քաղաքի հաշվեկշիռ, ինչը  մի շարք  խնդիրներ  կստեղծի  համայնքի համար: Սամվել Բալասանյանը նաև  փաստեց, որ ռուսական կողմը  համաձայնել է վերանորոգել Գյումրու նախկին փոստի շենքը: «Շատ  ուրախ եմ, որ հենց առաջին հանդիպման ընթացքում ձեր կողմից բարձրացվեցին խնդիրներ: Հուսամ, աշխատանքային լավ հարաբերություններից բացի նաև  լավ բարեկամական հարաբերություններ կունենանք»,-նշեց դեսպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել