Panorama.am-ը գրում է.

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է որպես վկա: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակով է հարցաքննվել Սեյրան Օհանյանը։

Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանը լինելով այն ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի անմիջական ենթական, ինչպե՞ս կարող էր չիմանալ «0038» գաղտնի հրամանի մասին, ՀՔԾ պետն ասաց, որ այս պահին չի ցանկանում նախաքննության գաղտնիք հրապարակել և չի ցանկանում  հետագա քայլերի մասին խոսել։

«ՀՔԾ վարույթում գտնվող քրեական գործերի մասին տվյալները կհրապարակվեն այն ծավալով, որը չի վնասի նախաքննությանը»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Միքայել Հարությունյանին, ՀՔԾ պետն ասաց, որ նա երկրից բացակայում է:
Հարցին՝ մտավախություն չկա՞, որ թե Միքայել Հարությունյանը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  չեն ներկայանա հարցաքննության, քանի որ երկրում չեն, ՀՔԾ պետը նշեց, որ չի կարող գաղտնազերծել գործողությունների հաջորդականությունը, դա քննչական տակտիկա է:

Դիտարկմանը՝  ի՞նչ կարգավիճակով է Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել հարցաքննության, Սասուն Խաչատրյանը պատասխանեց.  «Այս պահին հարցաքննությանը հրավիրվել է որպես վկա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել