operativ.am-ը գրում է
Երևանի քաղաքապետարանի 2018թ. ծրագրով Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ տրանսպորտային հանգույցի թունելային հատվածի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու նպատակով հուլիսի 4-ից ժամանակավորապես՝ մեկ ամսով կդադարեցվի երթևեկությունը Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանը:
Նշված ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել.

-հանգույցի ստորգետնյա մասում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,

-հանգույցի վերգետնյա հատվածում շարունակվելու է գործել երթևեկության կազմակերպման ներկայիս ժամանակավոր սխեման:

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար, թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկում ենք երթևեկել Հաղթանակի կամուրջ-Արգիշտի-Իտալիայի-Մ.Խորենացու-Մաշտոցի պողոտա շրջանցիկ ճանապարհներով:

Նշված ճանապարհահատվածում շինարարությունը ավարտելու նպատակով աշխատանքներն իրականացվելու են երկհերթ:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել