Panorama.am-ը գրում է.

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել երգչուհի Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: ԱԺ լրատվության ու հանրության հետ կապերի վարչության հաղորդմամբ,  ուղերձում ասված է.

«Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, սիրված երգչուհի Նադեժդա Սարգսյանի անժամանակ մահվան մասին:

Նադեժդա Սարգսյանը հայ էստրադային երգարվեստի պայծառ դեմքերից էր, ում գեղեցիկ կատարումներին սպասում էինք բոլորս: Նրան ծափահարում էին նաև աշխարհի տասնյակ երկրների բեմերում, ուր այնքան նվիրումով ներկայացնում էր հայ կոմպոզիտորների ստեղծած գործերը:

Նա ապրում էր ոչ միայն մշակութային, այլև հասարակական ակտիվ կյանքով, ընտրվել էր նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր:

Նադեժդա Սարգսյանը մեծ ավանդ ունեցավ նաև Հայաստանում մանկական երգարվեստի զարգացման գործում: Իր հիմնադրած մրցույթների շնորհիվ նա բացահայտեց բազմաթիվ փոքրիկ տաղանդների և իր ձիրքն ու հմտությունները նրանց փոխանցեց Երեւանի մշակույթի պետական քոլեջը ղեկավարելու տարիներին: Ու մեր սիրելի երգչուհուն մենք միշտ կհիշենք ոչ միայն իր գեղեցիկ երգերով, այլև ամեն անգամ նրա սաների նոր հաջողություններով ուրախանալիս:

Խորին ցավակցություն եմ հայտնում Նադեժդա Սարգսյանի հարազատներին ու մերձավորներին և կիսում նրանց վիշտը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել