168.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հանքային ջրերի գործարանը, որը մինչեւ 1991 թվականը օրական 30 հազար շիշ հանքային ջրի արտադրության թողունակություն ուներ, 1992 թվականից, էներգետիկ ճգնաժամի եւ Հայաստանի տնտեսական շրջափակման պատճառով, մատնվեց անգործության եւ փակ է մնացել արդեն 26 տարի: Այստեղ, սակայն, արդեն մոտ 1 ամիս է, ինչ սկսվել է հանքային ջրերի գործարանի հին մասնաշենքի քանդումը, որին հաջորդելու են նոր գործարանի կառուցման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրեց «Լիճք հանքային ջրերի գործարան» ՍՊԸ ներկայացուցիչ Արայիկ Ավետիսյանը,նոր գործարանը եւս կունենա օրական 30 հազար շիշ թողունակություն, սակայն արտադրությունը կկազմակերպվի նոր տեխնոլոգիաներով:«Գործարանի արտադրական տարածքը վթարային էր ու ամբողջությամբ հիմքից քանդման ենթակա: Իրենց շահագործման պիտանիությունը կորցրել են նաեւ սարքավորումները, որոնք այստեղ տեղադրվել են 1960-ական թվականներին:

Այժմ մենք քանդում ենք շենքը եւ հեռացնում շինարարական աղբը, որից հետո մեր գործընկեր չինական ընկերության հետ համատեղ կկազմենք նոր շենքի կառուցման նախագիծ ու կսկսենք շինարարությունը: Չինական կողմը ներդրելու է մինչեւ 5 միլիոն դոլար: Արտահանման ծավալների ավելացման դեպքում հնարավոր է նաեւ արտադրանքի թողունակության ավելացում: Գործարանի վերագործարկման դեպքում այստեղ կբացվի 50 աշխատատեղ:Իսկ «Լիճք» հանքային ջուրը կվերականգնի իր երբեմնի համբավը՝ արտահանվելով աշխարհի ամենատարբեր երկրներում»,-նշեց Արայիկ Ավետիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել