Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ի տարեկան ժողովի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին:

- Ինչպե՞ս կարող եմ ես ֆեդերացիայի նախագահի այլ թեկնածու ունենալ` լինելով ՀՖՖ-ի նախագահը: Այս պաշտոնում ես ինձ եմ տեսնում: Եթե կա մեկը, ով կարող է ավելի լավ ծրագիր առաջարկել, թող ներկայանա:

- «Շիրակը» հայտարարել է, որ կսկսի մասնակցել առաջնություններին, եթե ֆեդերացիան նոր նախագահ ունենա: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականն այս հարցին:

- Իհարկե վատ: Ցավում եմ, որ Շիրակը չի մասնակցի առաջնությանը: Բայց եթե դուք ցանկանում եք, որ կոռուպցիոն փաստը չարձանագրենք, ինչն ամենաարատավոր երևույթն է ֆուտբոլում, հնարավոր չէ:

«Շիրակի» ֆուտբոլիստը «Բանանցի» ֆուտբոլիստին կաշառում է Թբիլիսիի «Դինամոյի» համա՞ր. ծիծաղելի է:

«Շիրակի» անդամությունը կասեցվել է, որպեսզի նախագահի ընտրություններում իմ թեկնածությանը դեմ չքվեարկե՞ն. թող քվեարկեին, ես խնդիր չունեմ: «Շիրակն» անդամությունից զրկվել է, քանի որ իրականացրել է ՀՖՖ-ի կանոնադրությանը հակասող գործունեություն, իսկ մյուս ՀԿ-ները գոյություն չունեն, լուծարվել են, որն էլ` գոյություն ունի, կապ չի պաշտպանում ֆեդերացիայի հետ, չի վճարում անդամության գումարը:

- Ֆեդերացիային այսօր 12 նոր կազմակերպություն անդամակցեց, որոնցից շատերի մասին մենք տեղեկություն չունենք, օրինակ` «Նորացված Փյունիկ», «Զվարթնոց»: Սրանք ի՞նչ կազմակերպություններ են:

- Նորաստեղծ ակումբներ են:

- «Նորացված Փյունիկ» ֆուտբոլային ակու՞մբ է լինելու:

- Այո:

- Իսկ որևէ կապ ունի՞ ներկայիս «Փյունիկի» հետ:

- Չգիտեմ, գուցե`  ունենա:

- Նախքան ժողովի մեկնարկը, լուրեր էին պտտվում, որ այստեղ նստած են ֆեդերացիայի հետ կապ չունեցող մարդիկ, ովքեր կողմ են քվեարկելու օրակարգային բոլոր հարցերին: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ի՞նչ կարող եմ ասել: Ինչպե՞ս կարող են ժողովին մասնակցել ֆեդերացիայի հետ կապ չունեցող մարդիկ:

- Պարոն Հայրապետյան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ հույս ունի` ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը կլինի երկրպագուների և ֆուտբոլային հանրության սրտով: Կիսու՞մ եք այս կարծիքը:

- Միանշանակ կիսում եմ: Այսօր ընտրություն չի լինելու: ՀՖՖ-ի նախագահի ընտրությունը կլինի փետրվար ամսին: Բացի դրանից, ի՞նչ է նշանակում` ընտրվել ֆեդերացիայի նախագահ և չլինել ֆուտբոլային հանրության նախընտրած մարդը: Եթե ֆուտբոլային հանրությունը չընտրի, ես ոչինչ անել չեմ կարող: Կարծում եք` կառչա՞ծ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Իհարկե ոչ:

- Իսկ ֆուտբոլային հանրությունը միայն պատվիրակնե՞րն են, ովքեր մասնակցում են քվեարկությանը:

- Ոչ, Արման Սահակյանն ու Խորեն Հովհաննիսյանն են ..... իրականում ֆուտբոլային երկրպագուներն են, մարզական լրագրողները, ֆուտբոլիստները: Բայց իրական երկրպագուները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել