Tert.am-ը գրում է.

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Tert.am-ի հետ զրույցում  նշեց, որ ՀԱԿ-ը, լինելով Հայաստանում առանցքային քաղաքական ուժերից մեկը, տրամադրված է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Մեր ամենամեծ ռեսուրսն ազատ և արդար ընտրություններն են»,-ասաց նա: Ըստ Զուրաբյանի՝ ԸՕ բարեփոխումների վերաբերյալ ՀԱԿ-ը ներկայացրել է առաջարկություններ, և այդ առաջարկների առանցքային պահանջներից է եղել նաև 100 տոկոսանոց փակ ցուցակով համամասնական ընտրակարգը: «Կարելի է գոհունակություն հայտնել, որ այդ պահանջը գոնե Կառավարության հանձնաժողովի կողմից  այս պահին ընդունելի է»,-ասաց նա: Ինչ վերաբերում է անցողիկ շեմը իջեցնելու առաջարկին, ապա ասաց, որ դրան չեզոք են վերաբերում: «Դա մեր պահանջների մեջ չի եղել, բայց նորմալ ենք ընդունում շեմի իջեցումը»:

- Պարոն Զուրաբյան, ընտրական օրենսդրության բարեփոխումներից հետո Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի՞ արտահերթ ընտրություններին:

-Հարցը չի քննարկվել «Կոնգրեսում«, բայց ի՞նչ է նշանակում լինել առանցքային քաղաքական ուժերից մեկը Հայաստանում և չմասնակցել ընտրություններին: Բնականաբար, մեր կուսակցությունը տրամադրված է մասնակցելու, առավել ևս որ կան նախադրյալներ, որ սա կլինի, վերջապես, ազատ և արդար ընտրություն Հայաստանում:

-Իսկ նախորդ ընտրություններից հետո ՀԱԿ-ը մրցունակ կերպով ընտրապայքարին մասնակցելու բավականաչափ ռեսուրս ունի՞, այս պայմանների դեպքում ի՞նչ հնարավորություններ ունի՞ ՀԱԿ-ը: 

-Մեր ամենամեծ ռեսուսրն ազատ և արդար ընտրություններն են, և մինչև հիմա «Կոնգրեսի» ցածր արդյունքները կապված են եղել միայն նրա հետ, որ իշխանություններն ամեն ինչ արել են, որ «Կոնգրեսը» չանցնի խորհրդարան: Եվ ընդհանրապես 2008 թ-ից սկսած իշխանության ամբողջ գործողությունն ուղղված է եղել ընտրությունների ժամանակ «Կոնգրեսին» հնարավորինս ճնշել, չթողնել, որ մենք որևէ արդյունք չարձանագրենք, այսինքն՝ մեր պրոբլեմը միշտ եղել է դրանից, դրա համար մենք միշտ պայքարել ենք ազատ և արդար ընտրությունների համար: Եթե հայ ժողովրդին, մեր հասարակությանը թողնեն ընտրություն կատարել ազատ և գաղափարական և ոչ թե ընտրակաշառքի հիման վրա, ոչ թե կրիմինալ և ադմինիստրատիվ ճնշումների հիման վրա, բարեգործության ազդեցության տակ, որն իրականում նույն ընտրակաշառքն է, եթե այդպիսի ընտրություն կատարվի, բնականաբար, մենք շատ վստահ ենք մեր ուժերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել