Կազանի իշխանությունները նվեր են պատրաստում Լիոնել Մեսիի համար. նկարիչները ֆուտբոլիստի դիմանկարը նկարում են այն հյուրանոցի հարեւանությամբ գտնվող շենքի վրա, որտեղ իջեւանելու է Արգենտինայի թիմը:

Կազանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ գրաֆիտիի մակերեսը կկազմի 60 քառակուսի մետր (6 մետր բարձրություն եւ 10 մետր լայնություն): Մեսիի դիմանկարը կտեղավորվի Ռոնալդոյի դիմանկարի կողքին: Աշխատանքը կատարում են չորս նկարիչներ: Կազանում արդեն ստեղծված է փողոցային արվեստի շուրջ 50 օբյեկտ, որոնց թվում են նաեւ ֆուտբոլային թեմատիկայով ձեւավորված շենքերի ճակատամասերը:

Արգենտինայի հավաքականը՝ Մեսիի գլխավորությամբ, Կազան է ժամանում հունիսի 29-ին: Հունիսի 30-ին «Կազան-Արենա» մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչում այն մրցախաղ կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել