Bloomberg գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենահարուստ 25 ընտանիքների վարկանշային աղյուսակը, որոնց ընդհանուր կարողությունը կազմել է 1,1 տրիլիոն ԱՄՆ դոլար։

Առաջին հորիզոնականում է հայտնվել ԱՄՆ-ում բնակվող Ուոլթոնների ընտանիքը, ում պատկանում է 12 հազար խանութից բաղկացած Walmart ցանցը։ Այդ ընտանիքի կարողությունը կազմում է 151,5 միլիարդ ԱՄՆ դոլար։
Երկրորդ տեղում կրկին ամերիկյան ընտանիքներից է՝ Կոխերի ընտանիքը, ում պատկանում է Koch Industries-ը, որը հիմնադրվել է Ֆրեդ Կոխի կողմից 1940 թ․-ին։ Կոխերի կարողությունն, ըստ Bloomberg-ի, կազմում է 98,7 միլիարդ ԱՄՆ դոլար։

Երրորդ տեղում ամերիկյան ամենաքաղցր՝ Մարսերի ընտանիքն է, որոնց ներկայացուցիչ Ֆրենք Մարսը 1911 թ․-ին հիմնադրել է աշխարհահռչակ Mars ընկերությունը, որը հետագայում դարձավ աշխարհի շոկոլադային կայսրություններից մեկը։ Մարսերի ընտանիքը հայտնի է այնպիսի արտադրանքներով, ինչպիսիք են M&M’S-ը, Milky Way-ն ու Mars-ը։ Այս ընտանիքի կարողությունը գնահատվել է 89,7 միլիարդ ԱՄՆ դոլար։

Չորրորդ տեղում են երեք բելգիական ընտանիքներ, որոնց է պատկանում հայտնի գարեջուր արտադրող Anheuser-Busch InBev ընկերությունը։ Նրանց կարողությունը գնահատվել է 54,1 միլիարդ դոլար։

Հինգերորրդ հորիզոնականն է զբաղեցրել պերճանքի և թանկարժեք իրեր արտադրող Hermеs ընկերության սեփականատեր Հերմես ընտանիքը, ում ներկայացուցիչ Թիերի Հերմեսը դեռ 1837 թ․-ին ֆրանսիական թագավորական ընտանիքին սկսեց մատակարարել «լյուքս» դասի ապրանքներ։ Հերմեսների կարողությունը գնահատվել է 49,2 միլիարդ ԱՄՆ դոլար։

Աշխարհի ամենահարուստ ընտանիքների ցանկում են հայտնվել նաև Chanel ապրանքանիշի սեփականատեր Վերթհայմերների ընտանիքը, հնդկական Ամբանիների ընտանիքը, ում պատկանում է Հնդկաստանի խոշորագույն Reliance Industries կորպորացիան, Քվանդ ընտանիքը, ում պատկանում է BMW կորպորացիան, Cargill Inc-ի սեփականատեր Քարգիլների ընտանիքը, ինչպես նաև գերմանական Boehringer Ingelheim դեղագործական կորպորացիայի սեփականատեր ընտանիքները։

Սակայն, իմ սուբեկտիվ կարծիքով, միևնույն է, այս ցանկում բացակայում են աշխարհի ԻՐԱԿԱՆ ամենահարուստ երկու ընտանիքները, որոնց մասին ուրիշների կարողությունը հաշվել սիրող ո՛չ Bloomberg-ը, ո՛չ էլ Forbes-ը երբևէ չեն հայտնում։ Դրանք են Ռոքֆելերների և Ռոտշիլդների ընտանիքները։

Հ.Գ. Ինպես կասեին այս պարագայում, ձեր դարդերը մերը լինեին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել