ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, ով կասկածվում է ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու ու պահելու մեջ, ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին։

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից։

Նշենք, որ Tert.am-ն ավելի վաղ հայտնել էր,որ Նազիկ Ամիրյանի գտնվելու վայրի մասին իրավապահները տեղեկություն չունեին։

«Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի կողմից 27.06.2018թ.-ին ձերբակալվել է նույն օրը նախաքննական մարմին ներկայացած Նազիկ Ամիրյանը:



Ն. Ամիրյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման մեջ, որ անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել և Մ. Գրիգորյանի հետ իրենց հաշվառման և փաստացի բնակության հասցեում` Վաղարշապատ քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ և 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք»,– ասված է ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել